Ալիևի խոսքի մեջ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ» բառն է առանցքային. այսինքն, իրենք իրենց առաքելությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ  պարտադրանքի և ճնշումների միջոցով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, թե Ադրբեջանը սկսել է խաղաղության քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, երկրների միջև առևտրային հարաբերություններ են սկսվել։

«Բոլոր այդ փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության շահերը չնչին են և չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության շահերը։ Առավել ևս Ալիևի խոսքից բացի, իրենց տարբեր գործիչներ նորից ասում են՝ մենք խաղաղություն կունենանք Հայաստանի Հանրապետության հետ, եթե սահմանադրություն փոխվի։

Նույն Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե ես չլինեմ, ապա կարող է աղետալի պատերազմ լինել։ Դու ասում ես՝ մենք համակարգային խաղաղություն ենք բերում, բայց  եթե մեկ անձից է կախված այդ ամեն ինչը, դա խաղաղություն չի կարող լինել։ Ինչի՞ համար պետք է Ադրբեջանը պատերազմ սկսի, եթե դու չլինես։ Ենթադրվում է, որ ինչ-որ մի բան ինքը ուզում է, որը միայն դու կարող ես տալ։ Դա կարող է լինել և միջանցքի նկատմամբ պարտադրանքի քաղաքականությունը շարունակելու, և սահմանադրության փոփոխության, և ադրբեջանցիների վերադարձի ու Հայաստանում բնակեցնելու վերաբերյալ։ Եթե պատերազմ չի լինելու, դա նշանակում է դու խաղաղ պայմաններում պայմանավորվել ես, որ այդ ամեն ինչը հանձնելու ես։

Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի խոսույթը մերթընդմերթ իրար հակասում է, և նաև դա լրացում է մնացած այլ գործիչներիկողմից շարունակելով ճնշման և պարտադրանքի քայլերը։

Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները այսօր փորձենք բնութագրել, ապա այսօր մեղադրողը, որը Հայաստանը պետք է լիներ, որովհետև հանցագործություն կատարվել է Ադրբեջանի կողմից, հայտնվել է մեղադրյալի աթոռում առանց պաշտպանի։ Հիմնական այն պահանջները, որ մենք պետք է դնենք Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանն է դնում Հայաստանի նկատմամբ և նաև այդ «նկատմամբ» բառն էլ ինքը շարունակում է ասել։ Ինքը չի ասում Հայաստանի Հանրապետության հետ, ասում է՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– ընդգծեց Սեյրան Օհանյանը։