Մենք երբեք չենք կարող մտածել, որ կգա ժամանակ, երբ իշխանությունները կվախենան նայել Արարատին, կամ կվախենան խոսել Հայոց ցեղասպանության մասին, կամ կվախենան խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Սա մեզ պատիվ չի բերում: Այս մասին, այսօր՝  ապրիլի 21-ին «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» համաժողովի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ աշխարհի հայերը հետաքրքրված են ցեղասպանության խնդրով՝ անընդունելի համարելով պատմությունը անտեսելու փորձերը: Նրա խոսքով՝ պետություններն ու ժողովուրդները ուժեղ են իրենց պատմությամբ: «Մենք չենք կարող մոռանալ մեր պատմությունը։ Ինչպե՞ս կարող ենք մոռանալ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների պատմությունը։ Ինչպե՞ս կարող ենք չխոսել Լեռնային Ղարաբաղում մեր եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Նման մոտեցումներով մենք աստիճանաբար սկսում ենք մոռանալ, որ հայ ենք։ Շրջափակման ժամանակ մենք խաչեր ուղարկեցինք բոլոր նորածին երեխաներին», - նշեց Ծառուկյանը։ Նա բացատրեց, որ դա արվել է, որպեսզի այդ երեխաները հետագայում ծանոթանան հայ ժողովրդի պատմությանը և չմոռանան այն։

Կուսակցության առաջնորդը ողջունեց համաժողովը, որտեղ երկրի առաջատար փորձագետները կքննարկեն ամենաբարդ պատմական հարցերը Հայոց ցեղասպանության համատեքստում։