Թվում է, թե ժամանակի մեքենա է ակտիվացել Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում։ Օրեր շարունակ քաղաքացիները, կորցնելով աշխատանքի, դպրոց, քոլեջ և այլն հասնելու հույսը, քայլում են ոտքով։ Նման տեսարան երևանցիները տեսել էին միայն «մութ ու ցուրտ» 1990-ականներին, երբ տրանսպորտ պարզապես գոյություն չուներ։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ տրանսպորտ կա, բայց այնտեղ հասնելն անհնար է։
Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ օդանավակայանն ու մայրաքաղաքի հարավարևմտյան թաղամասերը կենտրոնին կապող Իսակովի պողոտայում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Ակնհայտ է, որ նպատակը մայրուղին «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի հյուրերին լավագույնս ներկայացնելն է։ Ի դեպ, աշխատանքների մեկնարկի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ չի նշվել դրանց ավարտի մոտավոր ժամկետը։
Իսակովի պողոտան հայտնի է որպես քաղաքի ամենածանրաբեռնված զարկերակներից մեկը, և դրա փակումը շղթայական ռեակցիայով հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում նաև մյուս ուղղություններում։ Չնայած դրան՝ վերանորոգման աշխատանքներն արդեն ձգվում են մի ամբողջ թաղամասով, և դրանց ավարտն առայժմ չի երևում։ Վրդովված քաղաքացիներն ու մայրաքաղաքի հյուրերը ստիպված են կա՛մ ժամեր վատնել ավտոբուսների մեջ, կա՛մ ճանապարհը շարունակել ոտքով։
«Չգիտեմ, տանջվում ենք։ Ստիպված եմ ավտոկայանից մինչև Ֆրանսիայի դեսպանատուն ոտքով քայլել», - NEWS.am-ի հետ զրույցում դժգոհել է մի կին, որը ստիպված է մի քանի կիլոմետր քայլել իր նպատակակետին հասնելու համար։
Մինչդեռ պողոտայի այն հատվածում, որտեղ աշխատանքներն ավարտված են, անձրևից հետո արդեն խորը լճակ է գոյացել։











