Ամիրյան փողոցի արդեն բարեկարգված մայթերին տնկվել են հասուն, արժեքավոր կատալպա սովորական ծառեր: Փողոցում նաև նոր բնաբաժակներ են բացվել, գործում է ոռոգման համակարգ:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ղեկավար Արմեն Բեգոյանը նշեց. «Երևանի սրտում, Ամիրյան փողոցում, մայթերի վերակառուցման աշխատանքներից հետո, ինչը նախաձեռնել էր էլի Երևանի քաղաքապետարանը, Կենտրոն վարչական շրջանը, տեսնում եք քարից մայթեր են հավաքված։ Այստեղ առկա էին կենսունակության ավարտին մոտ գտնվող չոր, փտած, բազմաթիվ հիվանդություններով, սնամեջ և տապալման վտանգ ունեցող ծառատեսակներ։ Դրանք ստուգելով համապատասխան սարքերով, հեռացվեցին, բայց բավականին հատված թողել ենք ծառերը, մնացել են, որոնք դեռ կենսունակ են և կարող են մի քանի տարի գոյատևել։
Հիմա հուրախություն բոլորիս Ամիրյան փողոցում տնկվում է կատալպա տեսակի ծառատեսակ։ Խուսափելու համար մանիպուլյացիաներից ասեմ, որ կա կատալպա գնդաձև, որոնք տնկվել են Մելիք Ադամյանում, սա կատալպա սովորականն է։ Տնկվող ծառերը 10 տարեկան, հասուն կայացած ծառեր են, որոնք հենց այս տարի կտան իրենց սաղարթները և, իհարկե, տարեցտարի այն կավելացնեն հասնելով 15-ից մինչև 20 մ բարձրության։
Հիմա տնկում ենք մինչև Զաքյան փողոց։ Փուլ առ փուլ ենք տնկելու, որովհետև պետք է շինարարություն ավարտվի, հետո մենք տնկենք։ Այսօր տնկում ենք 33-ը, այս հատվածից հեռացվել էին 22-ը, որի փոխարեն տնկվում են 33 ծառ։
Այնպես է ստացվում, որ մենք բոլոր տեղերում միշտ ավել ենք տնկում, հատկապես, որ մայթերի ձևավորումից հետո բացվեցին նախկինում փակված մի շարք բնաբաժակներ։ Մինչև Ամիրյան փողոցի ավարտը հաշվարկված է շուրջ 100 ծառի տունկ»։











