Արդեն մեկ շաբաթ է, որ Իսակովի պողոտայում երթևեկությունը կաթվածահար վիճակում է, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայիսի սկզբին Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովին ընդառաջ։
Քաղաքացիները տասնյակներով ստիպված են լինում, հատկապես առավոտյան ժամերին, իջնել ավտոբուսներից և ոտքով անցնել ճանապարհը։ Մարդիկ նշում են, որ աշխատանքի և դասի հասնելու համար իրենցից ամեն օր առնվազն 1-2 ժամ ավելի շատ ժամանակ է պահանջվում։
Ավտոբուսից իջած և ոտքով քայլող քաղաքացիներից մեկը NEWS.am–ին հայտնեց. «Լրիվ խանգարում են, օրը ցերեկով ասֆա՞լտ են անում։ Սա էլ քաղաքապետարան է կոչվում, քաղաքապետ է կոչվում Ավինյանը, հետո ասում են խցանումներ են, խցանումը իրենք են ստեղծում։ Պետք է գիշերվա ժամին աշխատեին շինարարները, ու մի գծով անեին ասֆալտը, նոր հետո մյուս գծով։ Ավինյանին ասեք, խելոք պահի, այսպես չեն անում, օրը ցերեկով ճամփա չեն սարքում։ Ավինյանին ասա՝ ընտրություն է գալիս, չեք ընտրվելու»։
Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց, որ սարսափելի վիճակ է, Թաիրովից երթուղայինով եկել է, կեսից իջել է և ոտքով է շարունակում ճանապարհը, որի պատռճառով աշխատանքից ուշացել է. «Պիտի հասնեմ Մամիկոնյանց փողոց, Կոմիտաս և չգիտեմ կհասնեմ թե ոչ։ Կարելի էր ավելի լուրջ և ավելի կոռեկտ մոտեցում ցույց տալ, չեմ հասկանում այս պահին ինչու է երթևեկությունը այսքան կաթվածահար, ամբողջ քաղաքը սարսափելի վիճակում է, շատ շատ ցավալի իրավիճակ է»։











