Նախ այսօր մենք պիտի այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման, ես այլ տարբերակ չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի պահանջել Ցեղասպանության միջազգային ճանաչում։
Անդրադառնալով նրան, որ վարչապետն ու ԱԺ նախագահը դատապարտեցին նախօրեին Թուրքիայի դրոշն այրելու գործողությունը, նա ասաց. «Ես այսօրվա իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդամենը ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի չստորագրման և մեր սահմանազատման հետ կապված։
Դա իրենց կուսակցության (նկատի ունի ՀՅԴ–ին – խմբ) խնդիրն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատապարտում։ Բայց այսօրվա իրավիճակում պիտի մի քիչ խելոք լինենք, հիմա մենք գործընթացի մեջ ենք, որը պիտի ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսօրվա իրավիճակում մեր ազգը համախմբված պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք»,–ասաց Սասուն Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարել ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը: Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:











