Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ընդամենը մի քանի վայրկյան հատկացրեց օրվա խորհրդին, այն ամբողջովին նվիրված էր իր ցնորհական գաղափարին՝ չորրորդ հանրապետության ստեղծմանը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Իսկ չորրորդ հանրապետությունը պետք է ստեղծվի, եթե այդ գաղափարը հանկարծ Աստված չանի իրականանա, Ադրբեջանի հետ, հետևաբար դա կլինի հայոց պետականության վերջը։ Փաշինյանն անընդհատ ասում է՝ գտել ենք մեր հայրենիքը։  Ադրբեջանը էլ ասում է՝ տես, ինչ խելոք մարդ է ձեր վարչապետը, ասում է, որ գտել եք ձեր հայրենիքը, այսինքն դուք հայրենիք չեք ունեցել, հիմա գտել եք։

Երբ  ինքն ասում է՝ Օսմանյան Թուրքիայում տեղի են ունեցել էդպիսի ցավալի դեպքեր, ուզում է ասել՝ ի՞նչ կապ ունենք մենք Օսմանյան Թուրքիայի հետ, ի՞նչ կապ ունենք մենք էդ ժամանակ էն էն հայերի հետ, վաղը քաղաքացու օրն է, խորոված կանենք, կուտենք, կխմենք, մոռացեք էդ ամեն ինչը։ Մոռանանք, կտրենք արմատներից, որ ստեղծենք չորրորդ հանրապետությունը, իր ուղերձը դա էր, ըստ էության»,–ասաց Աղազարյանը։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ է որոշել, որ «քաղաքացու օրը նշվի» ապրիլի վերջին,. «Ինքն ուզում է խորովածով կտրի ցեղասպանության հետ կապված պատմության թելը, և դա ծառայեցնի իր ցնորական գաղափարին՝ չորրորդ հանրապետության ստեղծմանը»,–ասաց նա։