Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 28-ին այցելել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ հանդիպում է ունեցել գիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ողջունելով Կառավարության ղեկավարին, նշել է, որ մեկնարկում է «Հայաստանի գիտությունը գլոբալ հետազոտական տիրույթում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի ներդրում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկումների շարքը, որը նախաձեռնվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ «Այս հանդիպման առաքելությունը գիտության զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման գործընթացներում գիտական հանրույթի ակտիվ մասնակցության ապահովումն է»,— պարզաբանել է ՀՀ ԳԱԱ նախագահը։
Նրա խոսքով՝ գաղափարն առաջացել է Կառավարությունում գիտության զարգացման ռազմավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Ընդ որում՝ հաշվի են առնվել նաև զեկուցողների ելույթներն ու վարչապետի դիտողությունները։
Սաղյանը, ի թիվս այլ բաների, հայտնեց, որ մինչև 2022 թվականը 35 տարեկանից փոքր գիտնականների թվի նվազում է նկատվել։ Սակայն, սկսած 2022 թվականից, այս ցուցանիշը սկսել է դինամիկ աճ ցուցաբերել։ «2025 թվականին, 2022 թվականի համեմատ, 35 տարեկանից փոքր գիտնականների թիվն աճել է 16%-ով։ Սա նաև պետության կողմից գիտության նկատմամբ կառուցողական մոտեցման արդյունք է», - հավելել է նա։
Աշոտ Սաղյանը նաև նշել է, որ Ազգային ակադեմիան վերջերս 300 հազար եվրո արժողությամբ «Հորիզոն-Եվրոպա» դրամաշնորհային ծրագիր է շահել, ինչը գիտության հանրայնացման ոլորտում «Հորիզոնի» առաջին նախագիծն է։
Միևնույն ժամանակ, Ակադեմիայի նախագահն ափսոսանքով փաստել է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, այսօր Scopus և WoS համակարգերում ներառված 18 ամսագիր ունի։ «Սա այն նույն Ադրբեջանն է, որը խորհրդային տարիներին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում ուներ ընդամենը մեկ ակադեմիկոս՝ հենց իրենց ակադեմիայի նախագահին։ Մինչդեռ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում մենք ունեինք հայազգի 18 անդամ։ Այսօր սա մեր Ակադեմիայի ամենահրատապ խնդիրներից մեկն է։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ և նպատակ ենք դրել մինչև 2027 թվականն ունենալ առնվազն 3 ակադեմիական ամսագիր, որոնք կներառվեն Scopus և WoS համակարգերում», - եզրափակել է ՀՀ ԳԱԱ նախագահը։











