Ռուսական լրատվամիջոցները մանրամասներ են հաղորդում Ռուսաստանի վարչապեպ, նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի վրա հարձակման նախապատրաստությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ռուսական Առաջին ալիքը:

Պարզվել է, որ կառավարության ղեկավարին վերացնելու «պատվերը» տվել է չեչեն գրոհայինների առաջնորդ Դոք Ումարովը:
Տեղեկության համաձայն, Օդեսայում ձերբակալվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործներ, որոնք էլ պատմել են նախատեսվող մահափորձի մասին: Նրանց վկայություններից հետեւում է, որ  սպանությունը պետք է իրականացվեր Մոսկվայում` անմիջապես նախագահական ընտրություններից հետո:

Ձերբակալված Իլյա Պյանզինը պատմել է, որ նա իր հանցակիցների հետ Թուրքիայի վրայով եկել են Ուկրաինա, իսկ հանցագործության պատրաստման կարգադրություները ստացել են Դոք Ումարովից: Պյանզինի խոսքով, իրենք պատրաստվում էին մի շարք ահաբեկչություններ ձեռնարկել Մոսկվային տնտեսական օբյեկտներում, իսկ հետագա ծրագրերում նախատեսվում էր մահափորձ իրականացնել Պուտինի դեմ:

Պյանզինի հանցակից Ադամ Օսմաեւի նոթբուքում հայտնաբերվել է վարչապետի վրա մահափորձի նախապատրաստման ամբողջ ծրագիրը, գրում է «Դնի.ռու»-ն:

«Կոմերսանտ» թերթի տեղեկություններով, Ադամ Օսմաեւի դեմ ավելի վաղ միջազգային հետախուզում էր հայտարարվել Ռամզան Քադիրովի վրա մահափորձ կատարելու պատրաստման համար: 2007-ին Օսմաեւը մի խումբ չեչենների հետ ձերբակալվել էր Մոսկվայում, բայց նրան երկրից դուրս չգալու պայմանով ազատ են արձակել` ոչ բավարար ապացույցների առկայության պայմաններում: Օսմաեւը փախել էր ԱՄԷ եւ կրկին հետախուզման մեջ հայտնվել:

Պուտինի դեմ չիրականացված մահափորձում Օսմաեւի խնդիրն էր ահաբեկիչների պատրաստումն եւ նրանց Մոսկվա ուղարկելը:

Նա ԱՄԷ-ից եկել էր Ուկրաինա, որտեղ հանդիպել էր Չեչնիայի բնակիչ Ռուսլան Մադաեւի եւ Ղազախստանից Իլյա Պյանզինի հետ: «Դասերից» մեկի ժամանակ Մադաեւի ձեռքի ականը գործել է, եւ նա զոհվել է: Պյանզինն էր վիրավորվել է:

Ուշքի գալով Պյանզինը պատմել է հարձակման նախապատրաստման մասին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո Մադաեւը պետք է մահապարտ ահաբեկիչ դառնար եւ սպաներ Պուտինին: Ուկրաինական հատուկ ծառայությունները այդ մասին տեղեկացրել են ռուս գործընկերներին: Ավելի ուշ Օսմաեւին բռնել են: