Միավորված աշխատանքային կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի կազմում: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, ՄԱԿ-ի համագումարում  հայտարարեց կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը (ֆոտոռեպորտաժ): Նա նշեց, որ իրենց արժեհամակարգը խիստ մոտ է ԲՀԿ-ին եւ իրենք որոշում են կայացրել ԲՀԿ-ի հետ ընդհանուր ցուցակով մասնակցել ընտրություններին:

Համագումարի բոլոր պատվիրակները ծափահարություններով արձագանքեցին եւ քվեարկեցին այդ որոշման օգտին:

ՄԱԿ-ի համագումարին մասնակցում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ի դեպ, Վարդան Օսկանյանը  կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին ասելով, թե սա Գուրգեն Արսենյանի գլխավորած կուսակցության համագումարն է եւ թող ինքն էլ պատասխանի: Նա հրաժարվեց պատասխանել նաեւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը վերաբերող հարցին:

Համագումարին ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով իր խոսքում նշեց, որ ԲՀԿ-ի եւ ՄԱԿ-ի նպատակն է ունենալ բարեկեցիկ պետություն: Նա նշեց նաեւ , որ ԲՀԿ ընտանիքը համալրվում է, հավելելով, որ տեր են կանգնելու իրենց քվեին ու միասնական ուս-ուսի կանգնած հասնելու են հաջողությունների: Ծառուկյանն իր խոսքն ավարտեց «Աստված ձեզ պահապան» արտահայտությամբ:

Դրանից հետո համագումարն ավարտվեց եւ անցան ֆուրշետի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի