Ճիշտ չէ կարծել, թե «արաբական գարնան» նման գործընթացները կարող են նախապես մտածված եւ պլանավորված լինել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց իսրայելական «NEST Consulting» բանակցային գործընթացների հետազոտական կենտրոնի փորձագետ Վանեսա Սեյմանը:
«Այդպիսի իրադարձությունները դոմինոյի էֆեկտ ունեն: Բոլոր իրադարձությունները յուրահատուկ են. մեկի պատճառը տնտեսական խնդիրներն են, մյուսինը` մեկ այլ բան: Ոչ ոք չգիտե, ինչով կավարտի «արաբական գարունը»: Եթե դա ծրագրված լիներ, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Կարծում եմ, ԱՄՆ-ն այդ հզորությունը չունի` իրադարձությունների նման շարք պլանավորելու համար»,-ասաց Սեյմանը` մեկնաբանելով արաբական աշխարհում իրադարձություններն ԱՄՆ կողմից հրահրելու վերաբերյալ կարծիքները:
Փորձագետի խոսքով` «արաբական գարունը» շոկի է ենթարկել Իսրայելին: Ոչ ոք չգիտե, ինչով կավարտվեն հուզումները, քանի որ Լիբիայում, Եգիպտոսում եւ Սիրիայում իրադարձությունները նույնը չեն: «Իսրայելի համար սա ծայրահեղ պահ է` այլ երկրների հետ հարաբերություններում որոշ փոփոխություններ կատարելու համար: Իսրայելը մատագոված է, քանի որ անհրաժեշտ է պաշտպանվել: Հենց որ մենք գործընկեր ունենանք, որի հետ հնարավոր կլինի երկխոսություն հաստատել, մենք կսկսենք գործել»,-հայտարարել է Սեյմանը:
Խոսելով Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման մասին, նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը սպառնում է Իսրայելին ավելի շատ, քան առաջ:
Սեյմանի խոսքով` Արեւմուտքը չի նկատում խնդրի ողջ խորությունը` վերջին իրադարձություններն ընդունելով որպես իր սահմանից անդին գտնվող երկրների միջեւ դասական հակամարտություն: «Պետք չէ մոռանալ, որ այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Նիդեռլանդները, Բելգիան, Մեծ Բրիտանիան, մահմեդական մեծ համայնքներ կան: Եթե արաբական երկրներում հաստատվի իսլամիստ արմատականների կառավարում, իսկ նրանք արդեն որոշ երկրներում իշխանության են եկել, Արեւմուտքը նաեւ ներսից խնդիրներ կունենա»,-եզրափակեց իսրայելցի փորձագետը:
Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի Երեւանում կազմակերպած «Ավելի քան բանակցություններ. կառավարելով անսպասելին» թեմայով դասախոսության օրը։ Բանախոսը Վանեսա Սեյմանն էր։











