Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիներից Ալեքսանդրա Շեւչենկոն ուղիղ եթերում, «Շուստեր Live» հաղորդման ժամանակ կռվի է բռնվել Ուկրաինայում իշխող Տարածաշրջանների կուսակցության պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոյի հետ:

Հաղորդավար Սավիկ Շուստերը ձայնը տվել է Ալեքսանդրա Շեւչենկոյին, որպեսզի նա պատմի Ռուսաստանում մարտի 4-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իրենց կազմակերպած ակցիայի մասին:

Շեւչենկոն ձայն ստանալով հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները պետք է լքեն ստուդիան, քանի որ նրանք խայտառակում են Ուկրաինան: Կոլեսնիչենկոն պատասխանել է, թե խայտառակությունը հենց ակտիվիստուհին է, որից հետո վերջինս հարձակվել է պատգամավորի վրա:

Իշխող կուսակցության անդամը Femen-ի ակտիվիստուհուն անվանել է նաեւ «մարմնավաճառ» եւ «հարբած կնիկ», նախքան Ալեքսանդրա Շեւչենկոյին դուրս կբերեին ստուդիայից, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Femen-ի ակտիվիստուհիները մերկացած ակցիա են անցկացրել Մոսկվայում գտնվող ընտրատեղամասերից մեկում, որտեղ քվեարկել են Վլադիմիր Պուտինն ու իր կինը` Լյուդմիլան: Աղջիկները ձերբակալվել են, ապա նաեւ` կալանավորվել: