Սյսօր` մարտի 6-ի վաղ առավոտյան, «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդիկ, ովքեր պետք է օգտվեին «Արմավիա» ավիաընկերության ծառայություններից, չեն կարողանում լքել օդանավակայանի տարածքը, նույնիսկ գրանցում չեն անցել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշեցին, որ որեւէ մեկն իրենց չի մոտեցել եւ չի պարզաբանել իրավիճակը: Անհանգստանալով, որ գրանցումը հետաձգվում է, մոտեցել են «Զվարթնոցի» աշխատակիցներին, որոնք հայտնել են, թե «Զվարթնոցի» կողմից գների բարձրացման պատճառով «Արմավիան» չվերթներ չի իրականացնում: Բայց որեւէ մեկին չեն հայտնել, թե երբ կարող են թռչել:

Ինչ վերաբերում է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հայտարարությանը, թե ըստ սահմանված կարգի ուղեւորներին պետք է ջուր եւ սնունդ տրամադրեին, հավաքվածները միաբերան նշեցին, որ ոչ-ոք ջուր եւ սնունդ իրենց չի հատկացրել, թեեւ առավոտյան ժամը 8-ից գտնվում են օդանավակայանում:

Այս պահին «Զվարթնոցի» եւ «Արմավիայի» ներկայացուցիչները օդանավակայանի տարածքում բանակցություններ են վարում:

Նախնական տվյալներով, հետաձգվել է երեք չվերթ` երկուսը դեպի Մոսկվա, մեկը` դեպի Ռոստով: 

Ի դեպ, մի շարք ուղեւորներ հայտնել են, որ «Արմավիան» նման խնդիրներ ունեցել է դեռ մարտի 3-ից: «Արմավիայի» գրասենյակը հրաժարվում է հետ ընդունել ուղեւորների տոմսերը` նրանց խորհուրդ տալով տոմսերը հետ հանձնել տուրիստական գործակալություններ: Ուղեւորների դիտարկմանը, թե այդ դեպքում 20 տոկոս պահում են անելու, «Արմաիվիայի» ներկայացուցիչները ոչինչ չեն պատասխանել:

«Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտնել է, թե իրենց խնդիրը միայն «Զվարթնոցի» հետ է, այլ ոչ ռուսական ընկերությունների: NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ընկերությունը պարտավոր է ըստ կարգի երեք ժամ անց ջուր եւ հաց տալ, սակայն ուղեւորների պնդմամբ նման բան չկա, «Արմավիայի» ներկայացուցիչն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացրել: Ուղեւորները նաեւ բորբոքվել են, թե ինչու են տոմսեր վաճառել իրենց, եթե գիտեին, որ գործադուլ են հայտարարելու:

Լրագրողների բարձրացրած աղմուկից հետո, Նանա Ավետիսովան նոր բարեհաճել է դուրս գալ եւ հայտնել, թե առավոտից սպասող ուղեւորների համար ջուր եւ ուտելիք են պատվիրել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Արմավիա» ավիաընկերությունն այսօր առավոտյան, ժամը 6:45-ից գործադուլ է հայտարարել եւ հրաժարվումէ  սպասարկել չվերթները` պատճառաբանելով, որ «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը բարձրացրել է սպասարկման գները:

Ավելի վաղ «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ին հայտնել էր, որ «Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել: Նրա փոխանցմամբ, գործադուլը չի դադարելու, մինչեւ երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:

«Այս պահին ոչ մի չվերթ չի լինելու: Մենք պահանջում ենք բանակցություններ»,- մանրամասնել է Նանա Ավետիսովան` տեղեկացնելով, որ չվերթներն «Արմավիա»-ն դադարեցրել է այսօր առավոտից:

Իր հերթին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք: «Ընկերությունը բացասական է գնահատել «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»,- ասված է հայտարարության մեջ: