Հայաստանի անշարժ գույքի կադաստրի այս կամ այն ստորաբաժանման կողմից 100-ավոր անօթեւան ընտանիքների սեփականության մասին տրվում են այնպիսի տեղեկանքներ, որոնց համաձայն 23 տարի խոնավ եւ շարքից դուրս եկած տնակներում պատսպարված ընտանիքները Երեւանում, կամ  հանրապետության մեկ այլ քաղաքում ունեն 2, 3 եւ նույնիսկ 4 բնակարան կամ  առանձնատուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Շիրակ» կենտրոնից: «Եվ, որպեսզի տվյալ անօթեւան ընտանիքը կարողանա մասնակցել բնակբաշխման գործընթացին պետք է երբեմն էլ անձամբ հերքի պետկադաստրի կողմից իրենց վերագրած սեփականություն ունենալու  փաստը, ինչը երբեմն գրեթե անհնար է:

Օրինակ` Գյումրիի ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանի` 232/349 տնակի բնակիչ Հարություն Հարությունյանը հայտնվել է ճիշտ այդպիսի անելանելի վիճակում»,- գրել են նրանք: Պետկադաստրի կողմից բնակբաշխման հանձնաժողովին տրված տեղեկանքի համաձայն 6 անձից բաղկացած այս սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքին է պատկանում Գյումրիի Իսահակյան 32 բնակելի տունը եւ մի բան էլ ավելին` Նար-Դոսի փողոցում հսկա մի հողամաս:

74-ամյա Հարություն Հարությունյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ առավոտից մինչեւ ուշ երեկո թակում է Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, պետկադաստրի պաշտոնյաների դռները եւ փորձում է ապացուցել, որ իրենց ընտանիքը իր խոսքերով ասած. «Ոչ թե տուն, այլ նույնիսկ սեփական կատու չունի» եւ ապրում է ընդամենը սոցիալական նպաստով եւ թոշակով:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները փորձեցին այդ անօթեւան ընտանիքին պետկադաստրի կողմից տրված կեղծ տեղեկությունները հերքելու մասին    փաստաթուղթ ձեռք բերել, եւ ամբողջ մի օր Գյումրիի կենտրոնական մասում գտնվող Իսահակյան փողոցը վար ու վեր անելուց եւ բոլոր բնակարանները հարց ու փորձ անելուց հետո այդ թաղամասում տեղակայված նախընտրական շտաբներից մեկում տեղեկացան, որ Գյումրիում առհասարակ այդպիսի հասցեով տուն գոյություն չունի, նույնը ասացին նաեւ Գյումրիի ոստիկանության անձնագրային բաժնից:

Նշենք, որ Գյումրիում ընթացող բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու նպատակով երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներից պահանջվող բազմաթիվ փաստաթղթերից մեկն էլ պետկադաստրի կողմից տրվող սեփականության մասին տեղեկանքն է: Իր նախորդ հաղորդագրություններում «Շիրակ» կենտրոնը ներկայացրել էր, թե պետկադաստրի կողմից տրամադրվող, երբեմն կիսատ-պռատ եւ անհիմն տեղեկություններ պարունակող, տեղեկանքների պատճառով ինչպիսի քաշքշուկների մեջ են հայտնվում հարյուրավոր անօթեւան ընտանիքներ: