Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից միայն հաղթանակ է ակնկալում: Այս մասին, այսօր` մարտի 22-ին, ԿԸՀ ցուցակը տանելիս լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը:  Նրա խոսքով` Դաշնակցության ցուցակը բոլոր ցուցակներից ամենամրցունակն է եւ արձանագրեց, որ իրենց ցուցակում ավելի շատ են հայտնի դեմքերը: NEWS.am-ի թղթակից դիտարկմանը, թե ցուցակում բազմաթիվ նոր անձինք կան, դա ինչպես կանդրադառնա, Համլետ Աբրահամյանը պատասխանեց, որ միայն դրական: Նրա խոսքով`  իրենց ցուցակը, ի տարբերություն մյուսների, մեկ մարդու կողմից չի կազմվել, այլ երկարատեւ քննարկումների արդյունքում: Նշենք, որ ՀՅԴ-ի համամասնական ցուցակը բաղկացած է 85 թեկնածուներից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) մարտի 22-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների թեկնածուների ցուցակը: Այն ԿԸՀ է ներկայացրել ԿԸՀ նախկին անդամ Համլետ Աբրահամյանը:

Նշենք, որ ՀՅԴ ցուցակները հրապարակվել էին նախօրեին: Կուսակցության համամասնական ցուցակում 85 անուն է նշվում: Առաջին հնգյակը հետեւյալ տեսքն ունի. Վահան Հովհաննիսյան (խորհրդարանական խմբակցության ղեկավար), Արմեն Ռուստամյան (ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ), Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան:

Մեծամասնական կարգով կուսակցությունից կառաջադրվեն ութ թեկնածուներ`Արթուր Եղիազարյան` թիվ 8 ընտրատարածք, Կառլեն Գեւորգյան` թիվ 12 ընտրատարածք, Գուրգեն Շահինյան` թիվ 15 ընտրատարածք, Մանվել Հայրապետյան` թիվ 17 ընտրատարածք, Արայիկ Գրիգորյան` թիվ 18 ընտրատարածք, Արտաշես Նիկոյան` թիվ 22 ընտրատարածք, Զահրաբ Թորոսյան` թիվ 30 ընտրատարածք, Գագիկ Գեւորգյան` թիվ 37 ընտրատարածք:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի