News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Այսուհետ ամեն օրվա ավարտին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհավաքվի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ օրն ամփոփելու և համակիրների հետ քննարկելու հետագա անելիքները։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այն լինելու է ազատ շփման հարթակ, իսկ հանրահավաքներ կհրավիրվեն անհրաժեշտության դեպքում։

«Մեր տղերքը արյունով ու արցունքով տարիներով համառ կերպով իրենց կյանքով գրել են մեզ ու պաշտպանել, կռվել են չարիքի դեմ, պաշտպանել մեզ։ Մենք ո՞վ ենք, որ չլինենք նրանց հետևորդները և չնույնանանք նրանց հետ։ Ես իմ ամբողջ անցած հոգևոր ծառայության 30 տարիները դրել եմ զոհաղեղանին և չեմ խաբելու ձեզ, ժողովուրդ ջան։ 

Փոխավստահությամբ, համբերությամբ ընթանալու ենք։ Մեր Տերն ասում է՝ ով համբերություն ունեցավ՝ կյանք կունենա։ Խառնվել են իրար, իրենց ներսը տակն ու վրա է, հավատացեք՝ մեկ մարդու պաշտպանելու համար։ 

Մեր խնդիրը ՔՊ–ի հետ չէ, մեղք գործածների հետ չէ, մենք պետք է բոլորին հնարավորություն տանք արդարանալու, որպեսզի հաշտություն գոյանա։ Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է և նա պետք է հեռանա խաղաղ ու անցնցում, ինչպես որ ստանձնել է՝ պետական գործչի գիտակցությամբ»,– ասաց նա։ 

«Իմ հավատքն ու համոզումն է, ուզում եմ աչքերս այդպես փակել աշխարհում, որ Ոսկեպարով պիտի վերադառնանք Արցախ»,– հավելեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բագրատ Սրբազանը առավոտյան 8։00-ից դասադուլերի և գործադուլերի կոչ էր արել։ Բացի այդ նա հայտարարել էր, որ վաղ առավոտից այցելելու է ստեղագործական միություններ։ Նա նաև հայտարարել է, որ անցումային կառավարության թեկնածուն չպետք է լինի որևէ կուսակցության կամ խմբի անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ