News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Արցախի կորստից խուսափելու իրական հնարավորություն կար, ես դրանում համոզված եմ, և մենք դա տեսանք, այլ գործընթացներ էին տեղի ունենում, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել, կային իրավիճակը կայունացնելու լուրջ հնարավորություններ։ «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Նրա համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը կարող էր և չլինել, եթե ճիշտ արտաքին քաղաքականություն վարվեր։

Սակայն հավերժ խաղաղության հույս ունենալ, հատկապես մեր տարածաշրջանում, անհնար է, նշել է նա։

«Ստատուս քվոյի փոփոխությունը, որը սկսվել է ավելի քան տասը տարի առաջ, հասել էր մեր տարածաշրջան։ Հայաստանում ստատուս քվոյի փոփոխությունների արդյունքում գլոբալ փոփոխությունները չընկալվեցին։ 2015-2016 թվականներին համանախագահները նշել են, որ հնարավոր չէ երկար պահպանել գոյություն ունեցող ստատուս քվոն։ Ելնելով դրանից՝ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկեր»,- նշել է Այվազյանը։

Նա պարզաբանել է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը ստանձնել էր այն ըմբռնումով, որ ռազմական գործողություններն արդեն դադարեցվել են, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, այլ տեղափոխվել է դիվանագիտական ​​դաշտ։ «Այն վեց ամիսների ընթացքում, երբ ես ծառայում էի որպես ԱԳՆ-ի ղեկավար, տեսանք, որ մեր գործընկերներն ու տարբեր դերակատարներ մեր աշխատանքի հիմքում ընկած տրամաբանությունը սկսեցին ընկալել։

2021 թվականի մայիսի 27-ին ես հրաժարական տվեցի, հետո նույնն արեցին փոխնախարարները: Պետք չէ սենսացիա փնտրել այն հայտարարություններում, որոնք այն ժամանակ արեցինք մենք։ Ճգնաժամը հաղթահարեու վերաբերյալ տարաձայնություններ էին ծագել դիվանագետների և իշխանությունների միջև։ Մեր մասնագիտական ​​փորձը ցույց տվեց, որ, դժբախտաբար, մեր տեսակետներում չենք սխալվել։

Իրավիճակը վերջին երեք տարիների ընթացքում ավելի է վատթարացել։ Եթե ​​նորմալ պայմաններում արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, այժմ արդեն արտաքին գործոններն են, որ մեծապես որոշում են Հայաստանի միջազգային վարքագիծն ու նրա ներքին օրակարգը։ Սա մեր ինքնիշխան պետության համար ամենամեծ սպառնալիքն է։

44-օրյա պատերազմից հետո ձևավորվել էր նոր ստատուս քվո, որը մեզ ձեռնտու չէր։ Իրավիճակի շտկման առումով միջնորդների շրջանում ևս փոփոխություններ էին առաջացել։ Չնայած դրան, մենք կարծում էինք, որ ավելի շատ գործիքներ ունեինք, քան նախկինում, խոսելու համար միջազգային հանրության հետ այն փաստի վերաբերյալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չափազանց արդարացված է։

44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը ցույց տվեց, որ սա ոչ թե հակամարտություն է տարածքների, այլ նոր ցեղասպանություն կանխելու շուրջ, ինչի մասին խոսում ենք արդեն 30 տարի։ Միջազգային հանրությունը ուշադիր էր մեր խոսքերի նկատմամբ։

Պատահական չէ, որ 2020 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը և 2021 թվականի ապրիլին համանախագահները երկու հայտարարություն արեցին, որոնց իմաստն այն էր, որ ուժի կիրառման արդյունքում հարցը չի կարող փակված համարվել  և նախկինում ձեռք բերված համաձայնագրերը դեռևս ուժի մեջ են։

Այս տրամաբանությունն արտացոլվել է 2021 թվականի ապրիլի 24-ին։ Այն ժամանակ Հայաստան էին ժամանել բավականին բարձր մակարդակի ավելի քան 30 միջազգային պատվիրակություններ։ Մեր նպատակն էր ցույց տալ, որ այն, ինչ կատարվում է Արցախում, 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցածի շարունակությունն է։ Միջազգային պատվիրակությունների մասնակցությունը վկայեց՝  մեր գործընկերներն ընդունել են, որ Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի քաղաքականությունը 100 տարվա ընթացքում չի փոխվել։

Պատեհություն կար, որ միջազգային գործընկերների ընկալումը կարող էր ամրապնդվել, և դա կարող էր ունենալ իր ազդեցությունը»,- նշել է Այվազյանը։

2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանն, իր իսկ բնորոշմամբ, ձգտում էր Հայաստանի իշխանություններին ստիպել Արցախի հարցում գնալ զիջումների։ «Բայց այդ ամենը տեղի ունեցավ իմ հրաժարականից հետո, իսկ դրան տարբեր գործընթացներ էին նախորդել։ Եթե ​​մինչ այս նշաններ կային, որ համանախագահության ձևաչափը կենդանի է և փորձում է համակարգված աշխատանք տանել, ապա սկսեցին ի հայտ գալ այլ ձևաչափեր՝ «3+3», բրյուսելյան, վաշինգտոնյան և այլն։

Ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում միջազգային դրությունը փոխվեց, ինչը կաթվածահար արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Հավանաբար, Հայաստանի իշխանությունները ստեղծված իրավիճակում համարում էին, որ ամենաարդյունավետ միջոցը նվազագույն դիմադրություն ցույց տալն է՝ հուսալով, որ դա կարող է հանգեցնել երկու հարևանների հետ հակամարտության դադարեցմանը։ Բայց արտաքին քաղաքականության մեջ կարևոր է հասկանալ, թե հակառակ կողմն ինչ նպատակներ է հետապնդում։ Այս հարցում կոպիտ սխալ էր թույլ տրվել:

Ի զարմանս մեզ, վերջին պահին որոշվեց, որ մեր առաջարկած ռազմավարությունը կյանքի չի կոչվի։ 2021 թվականի մայիսյան իրադարձությունների կարևորությունն այն է, որ զորքերի հայելային դուրսբերման մասին հայտարարությամբ կասկածի տակ դրվեց Հայաստանի տարածքային ամբողջականության փաստը, քանի որ դրանք ընկալվում էին իբրև վիճելի տարածքներ։ Այն նաև էական կերպով նվազեցրեց միջազգային ներգրավվածությունը: Այնուհետև հաջորդեցին սեպտեմբերյան իրադարձությունները, և Հայաստանը որոշեց դիվանագիտական ​​կարևոր խաղաքարտերից մեկը՝ Արցախի հարցը հանձնել թշնամուն։

Երբ միջազգային հարաբերությունները առաջ են մղվում ուժի միջոցով, քո միակողմանի զիջումները չեն ընկալվում որպես բարի կամքի ժեստ, և դա հանգեցնում է նրան, որ թշնամին մեծացնում է իր պահանջները։ Հենց դա էլ տեղի ունեցավ: Մինչև 2021 թվականի մայիս մեր ռազմավարությունն այն էր, որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մենք հիանալի հասկանում էինք, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն էապես տարբերվում է Արցախի տարածքային ամբողջականությունից։

Որոշեցինք ուսումնասիրել, թե միջազգային հանրությունը ինչպես է արձագանքում դրան։ Խոշոր դերակատարները շատ դրականորեն արձագանքեցին, անգամ Հնդկաստանը նույն կերպ արձագանքեց։ Սրանից ելնելով` կարող էինք քաղաքական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և հարցը լուծել այդ կերպ։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ադրբեջանի համար նոր ներխուժման և ուժի կիրառման սպառնալիքի համար հնարավորությունների պատուհան է բացվել ՝ ստիպելու  համար, որ Հայաստանն Արցախի հարցում ինքնաբացարկ անի։ Նման պայմաններում այս հարցը պետք է լուծվեր Բաքվի և Մոսկվայի միջև, որտեղ յուրաքանչյուրն իր շահերն էր առաջ մղում։ Եվ մենք տեսանք, թե դա ինչպես ավարտվեց»,- եզրափակել է ՀՀ նախկին արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ