News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս ամսին հոլանդահայ համայնքներ ու տարբեր հասարակական  քաղաքական կազմակերպություններ լայնորեն պատրաստվում  են ներկայացնել Հայոց Մեծ եղեռնի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Դեռ մարտին Dear Angel կազմակերպությունը երկրի հարավային մասում, զրույցներով ու դիտակտիվ նյութերով  Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է տարածել հոլանդացի դպրոցականների շրջանում` նախապատրաստելով ապրիլի 24-ին լայնորեն նշվող արարողությանը:

Ապրիլի 13-ին Հաագայի հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության համագործակցությամբ հայկական կազմակերպությունների «Ապրիլ 24» կոմիտեն ծրագրել է հանդիպում հոլանդացի թուրք գիտնական NIOD ինստիտուտի պատերազմի, Հոլոքոսթի եւ ցեղասպանության ամբիոնի դասախոս դոկտ. Ուգուր Ումիթ Ունգորի հետ, ով հանդես կգա  «Հայոց ցեղասպանությունը եւ ժամանակակից Թուրքիայի կայացումը» թեմայով: Բանախոսը պատմելու է հայոց ցեղասպանության մասին իր վերջին տարիների հրատարակած աշխատությունների մասին, մասնավորապես. «Հալածանք, բռնագրավում, ոչնչացում: Օսմանյան հայերի տեղահանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» (Ամստերդամ, Aspekt, 2007), «Բռնագրավում եւ գաղութացում. հայերի անշարժ գույքի բռնագրավումը երիտթուրքերի կողմից» (Լոնդոն/Նյու Յորք «Continuum», 2011),

«Ժամանակակից Թուրքիայի կայացումը. Ազգ եւ պետություն Արեւելյան Անատոլիայում, 1913–1950» (Օքսֆորդ, Oxford University Press, 2011) աշխատություններին:

Այնուհետեւ  Ալմելոյի «Երեւան» հաստատության , ՀԲԸՄ-ի Հոլանդիայի մասնաճյուղի  համագործակցությամբ հայաշատ Ալմելո քաղաքում կբացվի   անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի եւ տեղահանությունների մասին հոլանդական մամուլում հրատարակված նյութերի  Ցուցահանդեսը: Բացումը կատարելու է Հոլանդիայի խորհրդարանի ազդեցիկ կուսակցություններից մեկի` Քրիստոնեա-Դեմոկրատական խմբակցության պատգամավոր պարոն Պիտեր Օմզիգտի կողմից:

Հաջորդ օրն արդեն ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը Մեծ Եղեռնի հուշարձանին կդրվեն թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Ոգեկոչման արարողությունը կշարունակվի տեղի սրահներից մեկում գեղարվեստական համարների, ճառերի եւ ասմունքի զուգակցմամբ` Ասենի «Արմենիա» հաստատության ուժերով: Այդ օրը ոգեկոչման արարողություններ կլինեն նաեւ Նիդերլանդների մյուս հայաշատ վայրերում:

Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա ոգեկոչմանը նվիրված միջոցառումները կեզրափակվեն Էյնդհովեն քաղաքի «Pathé bioscoop» կինոթատրոնում, այստեղ կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Անպատիժ հանցագործություն» ֆիլմը, որը ներառում է  Արմին Վեգների հայոց ցեղասպանության լուսանկարները:

Էյնդհովենի «Ալֆա-Էրիվան» հաստատության այս միջոցառումը կեզրափակվի  Տիգրան Մայտեսյանի (ջութակ), Մաքսիմ Բանդուրինի (դաշնամուր) եւ Ռուստամ Հակոբջանյանի (դուդուկ) կենդանի համերգային  կատարումներով:

Բոլոր այս միջոցառումները կազմակերպվելու են հոլանդահայ կազմակերպությունների «Ապրիլ 24» Կոմիտեի համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ