News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր` ապրիլի 8-ին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը  ներառում էր բազմաթիվ ոլորտներ` սկսած սոցիալական խնդիրներից մինչեւ արտաքին քաղաքականություն եւ Ղարաբաղի հարց: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին,  ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, ասաց  ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ այս նախընտրական ծրագիրը բազմաթիվ վերքերի դարման է լինելու, այն բավականին մրցունակ է եւ դրանով կուսակցությունը մտադիր է անցկացնել լուրջ փոփոխություններ: Մինչ ծրագիրը ներկայացնելը, ՕԵԿ նախագահը նախ շնորհավորեց բոլորին` Սուրբ Հարությանի տոնի կապակցությամբ եւ առաջարկեց  «Սուրբ օրը սկսել աղոթքով»:

ՕԵԿ-ը նախընտրական ծրագրում ներառել է նաեւ առողջապահական, կրթական, սեփականության անձեռնմխելիության ու մատչելի բնակարանների հասանելիության հարցերը, ներկայացված են տնտեսության զարգացման համար առանձին ոլորտներում բարեփոխումների առաջարկներ, իսկ  նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակների բարձրացումն ու  մենաշնորհների դեմ պայքարը կուսակցության համար առաջնահերթություններ են:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ինքը վերջին վեց ամիսների ընթացքում հանրապետության գրեթե բոլոր մարզերում ու շրջաններում ու նախընտրական ծրագիրը կազմված է մարդկանց խնդիրներին մոտիկից ծանոթանալուց հետո: Նրա պնդմամբ` Հայաստանում «օրենքի ու արդարության սով կա», եւ  կուսակցության գերագույն նպատակն է կառուցել օրենքի երկիր եւ օրենքով ապրող հասարակություն:  «Սյս ծրագիրն այն հիմքն է, որով հնարավոր է լուծել այն մտահոգությունները, որոնք ունի մեր ժողովուրդը: Կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են գալ մեր ետեւից եւ ուզում են ապրել օրենքի երկրում»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

Նրա կարծիքով` սոցիալական ոլորտում առաջնահերթ է  սոցիալական անհավասարությունները հաղթահարելը եւ  երկրում միջին խավ ստեղծելը: «Մենք գտնում ենք, որ աշխատավարձը պետք է ապահովի մարդու համար ապրելու նվազագույն կենսապայմաններ, մենք գտնում ենք, որ ավելի շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի», -հայտարարեց ՕԵԿ նախագահը` շեշտելով, որ իրենց նպատակն է ՀՆԱ-ում աշխատավարձի բաժնեմասի կտրուկ բարձրացումը: Արթուր Բաղդասարյանի խոսքով` ՕԵԿ-ը շարունակելու է  իր պայքարը` ավանդների լիարժեք վերադարձման համար: «Մեր ազգը չպետք է ապրի ողորմությամբ, որը հատկապես ավելի է երեւում ընտրություններից ընտրություն», -նշեց ՕԵԿ ղեկավարը:Կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առաջարկում է ստեղծել պետական ծառայության նոր տեսակ` բյուջետային ծառայություն եւ ներառել տարբեր մասնագետների, որոնց, ըստ նրա, պետք է մեկտեղել մեկ սոցիալական խմբի մեջ:

Անդրադառնալով մենաշնորհների վերացմանը` Արթուր Բաղդասարյանը կարեւորեց աշխատատեղերի ստեղծումը եւ փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր պայմանների ապահովումը «Ավելի լավ է հարյուր հոգի ունենա մեկ խանութ, քան մեկ հոգի հարյուր խանութ: Մենք հասնելու ենք նրան, որ ոչ մի ոլորտում չլինի մենաշնորհ: Պետությունը պետք է լինի գործընկեր, ոչ թե մամլիչ մեքենա»,- նշեց նա:

Կրթական ոլորտում Արթուր Բաղդասարյանը որպես գլխավոր խնդիր նշեց երկարաժակետ` 25 տարով վարկերի տրամադրումը, ապա ընդունելության քննությունների եւ ստուգարքների վերացումը, ինչպես նաեւ անվճար կրթության ծավալների մեծացումը:  Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ապա, նրա խոսքով, «կոռուպցիան խեղդում է այս համակարգը» եւ այստեղ բարեփոխումների իրականացումը հրատապ է: «Պետպավերն այստեղ չի գործում. ես ու մեր խմբակցության անդամները 100-ից ավել միջնորդություն ենք ստացել քաղաքացիներին ու միջնորդել ենք, որ վիրահատությունը նրանց համար կատարվի պետպատվերի շրջանակներում, քանի որ նրանց համար դժվար է եղել պետպատվեր ստանալ», -նշեց Բաղդասարյանը ու առաջարկեց ներդնել պարտադիր բժշկական ապահովագրությունը, մինչեւ 12 տարեկանների բուժօգնությունը դարձնել անվճար, ինչպես նաեւ անվճար դարձնել այն հիվանդությունների բուժումը, որոնք տարածված են մեզ մոտ, քանի որ իսկ մարդիկ մահանում են, որովհետեւ փող չունեն վիրահատության համար:

Արթուր Բաղդասարյանի համոզմամբ`  ՕԵԿ-կարող է հասնել իր մշակած ծրագրի իրականացմանը, քանի որ իրենք ունեն առավելություն. «Մեր առվելությունը այն է, որ մենք գիտենք, թե ինչ է պետք է անել։ Սա խարսխված չէ խոսքի, այլ մեր գործի վրա: «Օրինաց երկիրն» անպայման հաղթելու է եւ ինչը, որ ես ասացի, վաղ թե ուշ իրականացվելու է»,- ամփոփեց Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ