News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Արմենիա» հեռուստաընկերությունն` ի դեմս գլխավոր տնօրեն Դավիթ Ավետիսյանի եւ Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտն` ի դեմս նախագահ Կանչո Ստոյչեւի, ապրիլի 10-ին, Երեւանում պայմանագիր են ստորագրել, որի համաձայն ամերիկյան ինստիտուտը սոցհարցում եւ էքզիթ-փոլ կանցկացնի` կապված Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:
«Արմենիա» հեռուստաընկերությունը հայտամրցույթ է կազմակերպել, որտեղ հաղթող է դառել Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտը: Կանչո Ստոյչեւի խոսքով, սոցհարցումը կկազմակերպվի Հայաստանի ամբողջ տարածքով եւ արդյունքները կհապարակվեն ապրիլի 27-ից ոչ շուտ: Էքզիթ փոլը տեղի կունենա մայիսի 6-ին` ընտրությունների օրը: Ստոյչեւի խոսքով, էքզիթ փոլի եւ սոցհարցման տարբերությունն այն է, որ հարցման ընթացքում կստանան տեղեկություններ ընտրազանգվածի տրամադրվածության վերաբերյալ, իսկ ընտրությունների օրը` փաստացի տվյալներ:

Հարցումները կլինեն անանուն, կնշվեն միայն սեռը եւ տարիքը, ինչպես նաեւ քաղաքական նախասիրությունը: Ստոյչեւի խոսքով, էքզիթ փոլի հետ կապված անճշգրտությունը կկազմի 1-2 տոկոս, իսկ սոցհարցման հետ կապված 3 տոկոս: Փորձագետի խոսքով, 1-2 տոկոս անճշտությունը չի ազդի խոշոր քաղաքական կուսակցությունների վրա, որոնք կհավաքել 38-41 տոկոս: Սակայն կարող են խնդրահարույց լինել փոքր կուսակցությունների համար: Նման հարցումները եւ բուն էքզիթ-փոլը հնարավորություն կտան հասարակության համար ընտրական գործընթացը դարձնել ավելի թափանցիկ:

Հարցին, թե արդյոք հարցման ժամանակ ուշադրության դարձվո՞ւմ է ազգային առանձնահատկություններին, Ստոյչեւը բացասական պատասխան է տվել: Նրա խոսքով, գլխավոր խնդիրն է իմանալ` արդյոք ազա՞տ է հասարակությունը: Նրա կարծիքով, հայ հասարակությունն ազատ է, եւ կարելի է հանգիստ կազմակերպել էքզիթ փոլը եւ սոցհարցումը: Նա նաեւ նշել է, որ օրինակ, Հյուսիսային Կորեայում հնարավոր չէ կազմակերպել հարցում եւ էքզիթ փոլ, իսկ Հարավային Կորեայում հնարավոր է: Ստոյչեվի համոզմամբ, աշխարհում չկան այնպիսի հասարակությունները, որտեղ չլինեն վախեր:
Հասարակական կարծիքի ինստիտուտը առաջին անգամ է էքզիթ փոլ կազմակերպում Հայաստանում: Ստոյչեվի խոսքով, արդյունքները կհրապարակվեն ընտրությունների ավարտից մեկ ժամ անց: Այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե իրենց տվյալները չհամապատսխանեն ԿԸՀ-ի տվյալների հետ` փորձագետը նշել է, որ իրենց խնդիրը հարցման անցկացումն ու դրա արդյունքների հրապարակումն է: «Բայց պաշտոնականը ԿԸՀ-ի հրապարակած տվյալներն են»,-ընդգծել է նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Օրենսդիր մարմինն ունի 131 պատգամավոր:

Խորհրդարանը ձեւավորվում է խառը ընտրական համակարգով` 90 մանդատ համամասնական համակարգով, 41 մանդատ` մեծամասնական համակարգով: Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժ. իշխող կոալիցիայի երեք կուսկացությունները` Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ցուցակում ընդգրկված է 253 մարդ, առաջին եռյակը` Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀԿ շտաբի ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» (ցուցակում ընդգրկված է 165 մարդ, առաջին եռյակը` «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյան, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան); «Օրինաց երկիր»  (ցուցակում ներառված է 178 մարդ, առաջին եռյակը`«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, ԱԻՆ-ի ղեկավար Արմեն Երիցյան):

Բացի այդ, նախընտրական արշավին մասնակցում են Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ցուցակում ընդգրկված է 75 մարդ, ցուցակի առաջին եռյակը` ՀԿԿ-ի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, Միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը, Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյան): Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) (ցուցակում ներկայացված է 85 մարդ, առաջին եռյակը`ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյան, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյան, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյան); Հայաստանի դեմոկրատական կուսակցություն (ցուցակում ներկայացված է 45 մարդ, առաջին եռյակը` Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյան, ակադեմիկոս Լենսեր Ագալովյան, քաղաքագետ Արմեն Հովսեփյան); «Միավորված հայեր» կուսակցություն (ցուցակում ընդգրկված է 29 մարդ, առաջին եռյակը`«Միավորված հայեր» կուսակցություն ղեկավար, «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյան, Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ Գուրգեն Հովսեփյան, ինժեներ Գայանե Անդրեասյան):

Ընտրություններին մասնակցում է նաեւ ներկա խորհրդարանում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, որն իր համամասնական ցուցակում ընդգրկել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների (ցուցակում 73 անուն է, որի առաջին եռյակում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ «Ժառանգության» ներկա պատգամավոր Զարուհի Փոստանջյանը):

18 կուսակցությունների միավորող Հայ ազգային կոնգրեսն ընտրություններին մասնակցող միակ դաշինքն է (ՀԱԿ-ի ցուցակում կա 123 անուն, որի առաջին եռյակում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը):

Մեծամասնական համակարգով առաջադրվել է 154 թեկնածու: Քաղաքական ուժերից առավել ծանրակշիռ են ներկայացված Հայ ազգային կոնգրեսը (36 թեկնածու), Հայաստանի հանրապետական կուսակցությունը (33 թեկնածու), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (15 թեկնածու), «Օրինաց երկիր» կուսակցությունը (12 թեկնածու), Հայ հեղափոխական դաշնակցությունը (8 թեկնածու) եւ «Ժառանգությունը» (6 թեկնածու): Մեկական թեկնածուներ են առաջադրել Կոմկուսը, Մարքսիստական կուսակցությունն ու Ժողովրդական կուսակցությունը:

37 թեկնածուներ անկուսակցական են: Եվս 4 թեկնածուներ հանրապետականներ են, սակայն ինքնաառաջադրվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ