News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն այսօր` ապրիլի 10-ին,ընտրարշավի շրջանակներում անցկացրել է իր առաջին հանդիպումը: Ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանը նշել է, որ այն ուղղված է մի շարք խնդիրների լուծմանը: Այդ խնդիրներից հիմնականների շարքում նա նշել է հասարակության խիստ բեւեռացումը:

«Պետությանը պետք է վերադարձնել իր գործառույթները, որոնցից նա զրկվել է: Մասնավորապես, խոսքը պետական սեփականության մասին է»,-ասել է Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, եթե վերացվի ստվերային տնտեսությունը, որը կազմում է տնտեսության 70 տոկոսը, միաժամանակ օլիգարխներին, ապա երկրի բյուջեն կավելանա 1,5-2 մլրդ դոլարով:

Երկրորդ կարեւոր խնդիրն, ըստ ՀԴԿ ղեկավարի, Հայաստանում աշխատավարձն է: Նրա ներկայացմամբ, Հայաստանում ապրող մարդն ստանում է 2-3 անգամ ավելի քիչ, քան պետք է ստանա: Պատճառը գործազրկության բարձր մակարդակն է, այսինքն գործատուն գերազանց գիտի, որ թեկուզ ցածր վարձատրվող աշխատանք փնտրողներ միշտ կգտնվեն:

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է Արամ Սարգսյանը, դա Հայաստանի հանքերն են եւ բնական հարստությունները: Նրա ներկայացմամբ, մասնագետները երկրի հանքերը գնահատում են 120 մլրդ դոլար եւ դրանց խելամիտ օգտագործելու դեպքում կարելի է համալրել բյուջեն եւ լուծել շատ սոցիալական խնդիրներ: «Իսկ հիմա արդյունահանվում են օգտակար հանածոները եւ հումքի տեսքով արտահանվում, իսկ հանքերը մասնավոր սեփականատերերի ձեռքին են»,-ասաց նա, հավելելով, որ արտասահմանից վերցված մեծ չափերի հասնող պարտքը մի իրավիճակ է ստեղծել, որ ամեն ՀՀ քաղաքացի իր ուսերին 100 հազար դոլարի պարտք է կրում: «Վերցրել են նրանք, բայց պետք է վերադարձնենք մենք»,-ընդգծեց Սարգսյանը:

«Այսպիսի հասարակարգը պետք է կազմաքանդել»,-կարծիք հայտնեց ՀԴԿ ղեկավարը, հավելելով, որ իրենք կողմ են իրենց պահանջների կատարմանը հասնել էվոլյուցիոն, այլ ոչ հեղափոխական ճանապարհով:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին, որոնց մասնակցում է 8 կուսակցություն եւ մեկ դաշինք: ՀԴԿ համամասնական ցուցակում ընդգրկված է 45 անուն: Ցուցակը գլխավորում է Արամ Գ. Սարգսյանը, երկրորդ տեղում ակադեմիկոս Լենսեր Աղալովյանն է, երրորդում` քաղաքագետ Արմեն Հովսեփյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ