News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի իրականացրել եւ մտադիր չէ իրականացնել սեւ PR որեւէ քաղաքական ուժի նկատմամբ եւ «Ժառանգությունն» այդ առումով բացառություն չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը միավորվելով սեւ PR են իրականացնում «Ժառանգության» դեմ:

Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն կպաշտպանի իր դիրքորոշումը, սակայն նրա համար անընդունել է ինչպես սեւ PR-ն, այնպես էլ սեւ տեխնոլոգիաները քաղաքականության մեջ, ինչպես նաեւ ոչ կոռեկտ պահվածքը: «Մենք քաղաքական ուժերին կոչ ենք անում ոչ միայն ձեռնպահ մնալ նման մեթոդներից, այլեւ կոռեկտ լինել սեփական հայտարարություններում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, թե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ հնարավոր է կոալիցիա կազմի, Ն. Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն որեւէ ուժի հետ գաղտնի համաձայնություն չի կայացրել: «Կուսակցությունը միայն մեկ պայմանավորվածություն ունի որոշ քաղաքական ուժերի հետ տարբեր ձեւաչափերով եւ դա վերաբերում է ընտրությունների վերահսկմանը: Ձեւաչափերից մեկը ընտրությունների վերահսկման միասնական շտաբն է ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, քանի որ «Ժառանգությունը» սահուն հեռացավ այդ ձեւաչափից:

Երկրորդ ձեւաչափը, որտեղ մասնակցում է մեր կուսակցությունը, ԱԺ նախագահին կից աշխատանքային խումբն է, նաեւ աշխատում է Դավիթ Հարությունյանի առաջարկած աշխատանքային խմբում»,-ասել է Զոհրաբյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ ժամանակը ցույց կտա, թե որ քաղաքական ուժը հետեւողական կլինի ընտրությունների վերահսկման հարցում:

«Եթե «Ժառանգությունը» փորձում է իր վարքն արդարացնել հորինված ենթադրությամբ, որը ոչ ոքի համար հասկանալի չէ, ապա ես ես կրկին չեմ մեկնաբանի նման վարքը, երբ փորձում են ձախողել կարեւոր նախաձեռնությունը, սակայն այդ ամենին գնահատականը կտա ժողովուրդը մայիսի 6-ին»,-ամփոփել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ սկզբնապես ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու հայտարարության տակ ստորագրել են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Ավելի ուշ «Ժառանգությունը» հայտարարեց, որ իրենց ստորագրությունը նախնական է եւ մի քանի պայման առաջ քաշեց: Մասնավորապես, «Ժառանգությունը» պահանջում է, որ շտաբի ստեղծման հայտարարության տակ ստորագրեն քաղաքական ուժերի առաջնորդները, նաեւ դեմ է, որ որոշ ուժեր մի կողմից ընտրակաշառք են բաժանում, մյուս կողմից միասնական շտաբ ստեղծելու համյատարության տակ են ստորագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ