News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ուժեղացնելու ոչ մի լրացուցիչ միջոց չի ձեռնարկում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը  «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ հարցազրույցում` հավելելով, որ 2010թ. համաձայնագիր է ստորագրվել  ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը մինչեւ 2044թ. երկարաձգելու մասին:

«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը բավական ազդեցիկ է աշխատում եւ հաշվի է առնում բոլոր քաղաքական իրողությունները», - նշել է վարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք հանրապետության կառավարությունը տնտեսական խնդիրներին, որոնք կարող են ծագել Իրանի դեմ ռազմական գործողության հետեւանքով եւ ինչպես կազդի Արեւմուտքի եւ Իսլամական հանրապետության հակամարտությունը Հայաստանի վրա, Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանի առեւտրաշրջանառության շուրջ 20%-ն իրականացվում է Իրանի միջոցով:  «Դա նշանակում է, որ հակամարտության դեպքում խնդիրներ կառաջանան Իսլամական հանրապետությունով մատակարարումների եւ արտահանման  ընթացքում: Խնդիրներ շատ կլինեն. մենք գազատար ունենք, մենք բարձր վոլտանոց մալուխներ ունենք, որով մենք իրականացնում ենք դեպի Իրան պաշարների արտահանում:  Մենք ունենք իրանական զբոսաշրջիկների այց, ներդրումներ, իրանական բանկ: Եւ յուրաքանչյուր կատեգորիայում մենք տարբեր սցենարներ եւ բացասական ազդեցություններ ենք նկատի ունենում:  Մեզ համար լավ դաս էին 2008 թվականի օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները, երբ երկաթուղին մեկ ամիս չաշխատեց, եւ դա հայկական տնտեսության համար իրական վտանգ էր:

Մենք ստիպված էինք  զբաղվել ապրանքների մեքենաներով փոխադրմամբ` օգտագործելով ավիացիան. դա լրջորեն մեծացրեց մեծ ծախսերը: Մենք լավ հասկանում ենք, որ Հայաստանը պետք է կուտակի լավ նախադրյալ-պաշարներ, որոնք թույլ կտան հարթել հնարավոր հակամարտության հետեւանքները», - եզրակացրել է վարչապետը:

Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանի պաշարները որքանով են պատրաստ անկայունության իրավիճակին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա առաջին անհրաժեշտության ապրանքների եռամսյա պաշար` դեղերի, սննդամթերքի, վառելանյութի եւ քսուքային նյութերի: Նրա խոսքով` գաղտնի փաստաթղթերում առկա է այդ նյութերի ինչպես ամբողջական ցանկը, այնպես էլ ծավալները, որոնք պետք է գտնվեն պահեստներում, որպեսզի արտակարգ իրավիճակներում եւ ռազմական պայմաններում հանրապետությունը կարողանա բնականոն գործել:

«Շատ թանկ է նստում, բայց մենք 2008թ.-ից մշտապես ավելացնում ենք պաշարները: Այն մասին, թե արդյոք 100%-ով պատրաստ ենք, նախընտրում ենք չխոսել», - նշել է Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ