News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ներկայումս Հայաստանում իրական ընտրազանգված, որի վրա կարելի է հենվել, ունեն 4 ուժեր` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, հավելելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մարտավարությունն է կիրառում ընտրազանգվածի հետ շփվելիս:

Քաղաքագետի խոսքով, եթե նախկինում Հայ ազգային կոնգրեսը նախընտրում էր հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, իսկ հիմա հանդիպումներ է անցկացնում մարզերի ընտրողների հետ, ապա քարոզարշավի վերջում կրկին կվերադառնա հանրահավաքների ձեւաչափին: Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, որը մարզերում բազմամարդ հանդիպումներ է անցկացնում ընտրողների հետ, ապա Բոզոյանի խոսքով, այդ կուսակցությունը մարզերում լուրջ կառույցներ ունի, որոնք ապահովում են ընտրողների ներկայությունը հանդիպումներին:

«Ներկայումս ՀՅԴ-ն մարզերում ցուցադրում է իր մկանները, իսկ ընտրարշավի վերջում դա կանի Երեւանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրողների հետ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ) շփումներին, Բոզոյանի գնահատմամբ, այդ հանդիպումների բազմամարդությունը արհեստական է: «Նայեք եւ կտեսնեք, որ օրինակ ՕԵԿ-ի հանդիպումներին մասնակցողների հիմնական մասը 14-15 տարեկաններ են, իսկ ահա ՀԱԿ-ը, որը նույնիսկ եթե առանձնակի ջանքեր չի գործադրում, նրա հանրահավաքները բազմամարդ են լինում, քանի որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը մեծ է»,-ասաց նա:

Քաղաքագետի փոխանցմամբ, ՀՀԿ-ի հանդիպումներին շատ մարդ է մասնակցում, քանի որ բացի ՀՀԿ-ի կողմնակիցներից բացի ունի նաեւ վարչական ռեսուրս:

ԲՀԿ-ն օգտագործում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործոնը, որի շնորհիվ կարողանում է համախմբված հանդիպումներ ունենալ ընտրազանգվածի հետ:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ, իսկ մեծամասնական ընտրակարգով` 154 թեկնածու, 41 ընտրատարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ