News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ իր հաճախորդներին առաջարկում է Diners Club Armenia պլաստիկ քարտեր: Այսօր` ապրիլի 18-ին Երեւանում տեղի ունեցավ քարտի շնորհանդեսը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեռք է բերել Հայաստանում Diners Club վճարահաշվարկային համակարգվի քարտերի թողարկման եւ սպասարկման բացառիկ իրավունքը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով` Diners Club-ի քարտերը ներդրվում են 2 փուլով: Առաջին փուլը համապատասխան միջավայրի ստեղծումն է, ինչն արդեն ավարտված է ու քարտով կարելի է կատարել վճարումներ: Երկրորդ փուլում`2012 թ. վերջերում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կթողարկի Diners Club Armenia քարտը: Ներկայում ընթանում են քարտի դիզայնի աշխատանքները: Ըստ Ա. Օսիպյանի` սա «պրեմիում» դասի քարտեր են, որոնք հատկապես նախընտրելի կլինեն այն մարդկանց համար, որոնք շատ են ճամփորդում կամ հաճախակի գործողումների են գնում: Նախատեսվում է 3 տարում թողարկված քարտերի քանակը հասցնել 20 հազարի: Հատկանշական է, որ Diners Club-ը զուգահեռ մտել է նաեւ վրացական շուկա, ուստի Վրաստան հանգստի մեկնող մեր քաղաքացիները այսուհետ կարող են օգտվել այս ծառայությունից: Ա. Օսիպյանի խոսքով` քարտային շուկան շատ արագ ընդլայնվում է, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներկայում ունի 90 հազ. քարտեր, 2011 թ. քարտերի քանակն աճել է 50%-ով: Բանկի քարտային քաղաքականությունն ուղղված է բավարարելու հասարակության ամենատարբեր շերտերի պահանջմունքները` թողարկվում են ընտանեկան, կենսաթոշակային, ուսանողական, բիզնես քարտեր: Աշխատավարձային ծրագրի շրջանակներում ներգրավված են 1500 կորպորատիվ հաճախորդներ: Նա հիշեցրեց, որ 2011 թ. բանկը թողարկել է VISA ավտոքարտը, ինչը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել 28 բենզալցակայաններում, իսկ 2010 թ. թողարկվել է «Կլասիկ M» մետրոքարտը, որից կարելի է օգտվել մետրոյի բոլոր կայարաններում:

Նշենք, որ Diners Club ընկերությունը աշխարհում առաջինն է ստեղծել պլաստիկ քարտեր: Ներկայում այն աշխարհի 4 խոշոր վճարահաշվարկային կազմակերպություններից մեկն է, որը ներկայացված է 185 երկրներում, սպասարկվում է 800 հազ. բանկոմատների կողմից` 60 արժույթներով: Diners Club-ը այդ 4 խոշոր կազմակերպություններից միակն էր, որ Հայաստանում ներկայացված չէր: «Պրեմիում» դասի քարտեր Հայաստանում ներկայացնում է American exspress-ը, ու Diners Club-ի մուտքը կնպաստի այս շուկայական սեգմենտում մրցակցության առաջացմանը:

Շնորհանդեսի ժամանակ հետաքրքիր դիտարկում արեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: Նա նշեց, որ Diners Club-ը Հայաստան է մուտք գործել դեռ հեռավոր 1972 թ., երբ Ինտուրիստի հյուրանոցներում ընդունվում էին կազմակերպության քարտերը: Նա եւս համոզմունք հայտնեց, որ համաշխարհային հայտնի բրենդի մուտքը կնպաստի մրցակցության խորացմանը շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ