«Թալիբան» շարժումը խոստացել է վրեժ լուծել ամերիկյան զինվորականներին աղմկահարույց լուսանկարների համար, որտեղ ամերիկյան զինվորները նկարվել էին իրենց սպանած թալիբների դիակների մոտ: Շարժումը իրենց «ընկերների» մարմնի մասերով լուսանկարներն անվանել է անմարդկային:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խնդրել է «արագացնել» կոալիցիոն զորքերի իրավասությունները տեղական անվտանգության ուժերին փոխանցելու գործընթացը: Նա վստահ է, որ դա միակ միջոցն է հակասությունների դադարեցման համար, հայտնում է «Միրը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, լրատվամիջոցներում հայտնվել էին լուսանկարներ, որոնք վկայում էին ամերիկյան զինվորների` սպանված աֆղանցիների մամինների նկատմամբ լկտի վերաբերմունքի մասին: Լուսանկարներն արվել էին Աֆղանստանում ամերիկյան ստորաբաժանման զինվորների կողմից` 2010 թվականին: Աղմկահարույց 18 լուսանկարների մի մասը հրատարակել էր ամերիկյան Los Angeles Times-ը:
Նկարներից մեկում երկու զինվորներ չոքել են դիակի մոտ: Նրանք մազերից բարձրացնում են սպանվածի գլուխը եւ դեմքը շրջում օբյեկտիվի ուղղությամբ: Ընդ որում, ամերիկյան զինվորներից մեկը ժպտում է: Մյուս նկարում զինվորները բռնում են աֆղանցու կտրված ոտքերը, հաջորդում`ձեռքը,առանձնացնելով միջնամատը:
ԱՄՆ-ի ռազմական իշխանությունները լուսանկարներն անվանել են «վրդովեցուցիչ» եւ խոստացել են հետաքննություն վարել: Այդ լուսանկարների զինվորների մեծամասնության ինքնությունն արդեն հաստատված է: