Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին Երեւանում Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան (ֆոտոռեպորտաժ):
Պետական դրոշներով եւ պաստառներով հազարավոր մարդիկ հավաքվել էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մոտ` կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մարդիկ բողոք են հայտնում Թուրքիայի քաղաքականության կապակցությամբ, որը շարունակում է մերժողական քաղաքականությունը` ժխտելով տասնյակ պետությունների կողմից ճանաչած անցած դարի առաջին ցեղասպանությունը:
Մինչ երթի մեկնարկը` երիտասարդությունն, ավանդույթի համաձայն, հրապարակավ այրեց Թուրքիայի դրոշը, իսկ հետո սկսվեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երեւանում ջահերով երթն անցկացվում է արդեն 13-րդ անգամ: Նմանօրինակ ակցիաներ տեղի են ունենում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, աշխարհի շատ քաղաքներում:
Նշենք, որ աշխարհի շատ քաղաքներում ապրիլի 24-ին պատուհաններին տեղադրում են վառվող մոմեր`ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Հիշեցնենք, որ ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ: Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է
Ուրուգվայը` 1965 թ-ին: Նրա օրինակին հաջորդել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ Վատիկանի, Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության կողմից: