News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Միլանի նահանգապետ Գուիդո Պոդեստայի բացառիկ հարցազրույցը NEWS.am-ին:

Պարոն Պոդեստա, այս օրերին Հայաստանում լուրջ մշակութային միջոցառում է ընթանում` կապված Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ: Կցանկանայի իմանալ` ի՞նչ տպավորություն եք ստացել Երեւանից:

Նախ կցանկանայի նշել, որ առաջին անգամ եմ Հայաստանում, թեեւ Միլանի նահանգը Կոտայքի մարզի հետ մի քանի տարի է՝ կապեր ունի: Մինչեւ հիմա առիթ չէի ունեցել լինել ձեր երկրում, բայց այս կարճ ժամանակահատվածում ինձ վրա մեծ տպավորություն թողեց Հայաստանը, եւ հիմնական տպավորությունս այն էր, որ եղբայրության ու հարազատության զգացողություն ունեցա: Պատճառը, որ ես եկել էի Հայաստան՝ «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տեղափոխությունն էր Բուենոս-Այրեսից՝ Երեւան: Մենք այստեղ ենք Վենետիկի քաղաքապետի հետ, եւ քանի որ հայերեն առաջին տպագիր գիրքը հրատարակվել է Վենետիկում, մենք մեզ զգում էինք ներգրավված ամբողջ միջոցառումների մեջ:

Երեկ մի կարճ հնարավորություն ունեցա հանդիպելու Ձեր երկրի նախագահի հետ, իսկ այսօր շատ հանդիպումներ ունեցանք վարչապետի, նախարարների եւ այլ անձանց հետ:

Առաջին հանդիպումը, որ գլխավոր հանդիպումներից էր, եղել է Կոտայքի մարզպետի հետ, ով մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Բացի դրանից, կապեր ունեմ Իտալիայում Հայաստանի դեսպանի հետ, ով մեծ ներուժ է գործադրել, որ այս միջոցառումները տեղի ունենան:

Սակայն հնարավորությունները, որ Հայաստանի հետ փոխգործակցենք, ավելի մեծ են: Միլանի նահանգը 3 միլիոնից քիչ ավելի բնակչություն ունի, եւ միայն մեր նահանգը տալիս է Իտալիայի համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը: Համագործակցությունը լինելու է լայն մասշտաբով, հիմնականում տնտեսական կազմակերպություններն են ներգրավված լինելու: Հանդիպման ժամանակ ես տեղեկացա, որ ավտոմայրուղիների կառուցման ժամանակ իտալական կողմը ներկայացված չի եղել, եւ հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որ իրավիճակը շտկվի: Խոսեցինք նաեւ այլ ճյուղերի մասին, որտեղ համագործակցությունը  կարելի է գործնականում կիրառել: Ոչ բոլորը գիտեն, սակայն, որ Միլանի նահանգը երկրորդն է Իտալիայում իր գյուղատնտեսությամբ, եւ դա մենք նույնպես կարող ենք այստեղ զարգացնել: Նաեւ քիմիայի, դեղագործության, դիզայնի ուղղություններով է Իտալիան հայտնի: Խոսել ենք տուրիզմի եւ իհարկե այլ թեմաների մասին, որոնք կարող են զարգանալ: Վարչապետի եւ արտգործնախարարի հետ խոսել ենք Եվրախորհրդարանի հետ կապերի մասին: Ես մոտ 15 տարի աշխատել եմ Եվրախորհրդարանում, այնուհետեւ եւս 7 տարի եղել եմ փոխնախագահ:

Մենք ունենք նպատակ ընդլայնվելու: Այնպիսի մարդիկ, ինչպիք են Մարիո Մոնտին, ով մեր երկրի վարչապետն է, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում հետ ես 37 տարի համագործակցում եմ, նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, նրանց միջնորդությամբ կարող է հեշտանալ Հայաստանի մուտքը Եվրոպա:

Դուք նշեցիք, որ կարող եք խորացնել համագործակցությունը: Կոնկրետ կարո՞ղ եք նշել, թե ինչ կտեսնենք առաջիկայում, ինչի՞ն են վերաբերել Ձեր պայմանավորվածությունները:

Իմ կարծիքով` կան երկու կամ երեք ասպեկտներ, որոնց մասին կարելի է խոսել` տնտեսական եւ մշակութային: Ձեր համաքաղաքացիների հետ տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական կապերի հաստատումն առաջնային է: Երկրորդը կարեւորություն եմ տալիս այն կապերին, որ ունեք ԱՊՀ երկրների հետ, եւ այս առումով Հայաստանը կարող է հարթակ դառնալ մյուս երկրներ դուրս գալու համար: Այնուհետ, կարեւոր է այն փաստը, որ այստեղ կարելի է ազատ տնտեսական գոտի ստեղծել, մի տարածություն, որտեղ հեշտ կլինի ձեռնարկատիրությունը զարգացնել, օրինակ՝ մեքենաշինության կամ տնտեսական տեխնիկան ամբողջությամբ կամ պահեստամասեր արտադրելու հարցում: Չեմ ուզում ցածր նշանակություն տալ այն կոնկրետ ասպեկտներին, որոնց մասին արդեն խոսել ենք, սակայն կուզենայի նշել, որ Եվրոպան ունի ոչ միայն ազատ փոխհարաբերություններ, այլեւ տարածություն, որտեղ ազգային արժեքները առաջնային են: Եւ կարծում եմ`Հայաստանն ու Իտալիան շատ նման են իրար:

Ի՞նչ նկատեցիք այս մեկ օրում Հայաստանում, որ Ձեզ դուր եկավ:

Որպես ճարտարապետ ասեմ, որ ինձ շատ դուր եկավ օդանավակայանը: Շատ շենքեր նորացված են, օրինակ այս շենքը վերանորոգել է իտալական «Ռենկո» ընկերությունը, բայց թարմությունը դեռ պահպանվել է: Բացի արդիականացումից, ինձ շատ դուր եկավ ձեր պատմությունը: Տեսել եմ երկու տաճար` մեկը քրիստոնեական, մյուսը` նախաքրիստոնեական շրջանի, հնարավորություն եմ ունեցել զրուցել կաթողիկոսի հետ, սակայն կուզենայի վերադառնալ կոնկրետ հարցերի:

Մշակում ենք այնպիսի ծրագիր, որ վերադառնանք Հայաստան տնտեսական պատվիրակության հետ, որպեսզի օգուտ քաղենք: Հոկտեմբերին Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումն է: Օգտվելով այդ առիթից` հնարավորություն կունենանք տեղում տեսնել, թե ինչ հնարավորություններ կան հետագա համագործակցության համար: Դրա համար մենք պետք է ավելի ինտենսիվ համագործակցենք ձեր դեսպանի հետ:

Հնարավոր է զարմանալի թվա, բայց Հայաստանում շատ են իտալական ակումբների երկրպագուները։ Կան նաեւ ֆան-ակումբներ, այստեղ շատ են սիրում իտալական ֆուտբոլը:

Ես դա արդեն զգացել եմ: Ինձ արդեն զգուշացրել են, որ հանդիպման ժամանակ կարող է շատ հայեր երկրպագեն իտալիայի հավաքականին: Ես էլ ասացի, որ այդ դեպքում կերկրպագեմ Հայաստանին: Եւ որոշեցինք, որ հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ