Ֆրանսիական Լիոն քաղաքի քաղաքապետ Ժերար Կոլոնը, Վիյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրեն, Դեսինի քաղաքապետ Ժերոմ Ստրյուլյան եւ Վո ան Վելենի քաղաքապետ Բեռնար Ժենեն օրվա վերջում ներկա կգտնվեն թուրքական պետության կողմից 1915-1920թթ. իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին: Այդ մասին գրում է ֆրանսիական «Lyon Capitale»-ը:
Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործության օրվա շրջանակում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), ինչպես ամեն տարի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է կազմակերպել:
Տեղական ժամանակով ժամը 15:45-ին Լիոնի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցուց երթով կուղեւորվեն մինչեւ Անտոնիո Պոնսեի հրապարակ, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի լիոնյան հուշահակոթողը, որը տեղադրվել է 2006 թվականին: Ընտրված պաշտոնյաները եւ հայ համայնքի ներկայացուցիչը 17.00-ին ելույթ կունենան հուշարձանի առաջ: