News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի, Գավառի եւ մարզի այլ համայնքների կենսամակարդակը ոչ բավարար վիճակում է եւ շարունակում է լուրջ խնդիր մնալ աշխատատեղերի եւ ցածր աշխատավարձերի հարցը։ Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցի շրջանակներում Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով մարզի տնտեսական իրավիճակին` նախագահը նշել է, որ 2011-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է ավելի քան 40%-ով, իսկ գյուղատնտեսկան ոլորտում համախառն արդյունքի 1/5 –ը ապահովել է Գեղարքունիքի մարզը:

Նա վստահեցրել է, որ հնարավոր կլինի հասնել բարձր պահանջների եւ չափանիշների եւ Հանրապետական կուսակցության կողմից մատնանշվող բարեփոխումները պետք է իրականացվեն համալիր մոտեցմամբ:

«Պետք է ասեմ, որ շատ խնդիրներ  եւ թերություններ դեռ կան, բայց ոչ թե պետք ընկրկենք, այլ ավելի լավ աշխատենք եւ ավելի համարձակությամբ իրականացնենք դրանք: Հինգ տարիները բավական չէին, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն տվեցին մեծ փորձ կուտակել, մասնավորապես, ճգնաժամային իրավիճակներում: Եվ այժմ մենք պետք է ողջ ջանքերը գործադրենք, որ բարեփոխումները ավելի արագ կերպով ընթանան»,-նշեց նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով, որ ուշադրություն է դարձվելու Սեւանի էկոլոգիական խնդիրների վրա։

Նշենք, որ Գավառում նախագահը այցելել է Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցի եւ մոմ վառեց, ապա ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրին:

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ Դպրաբակ-Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր-Ճամբարակ-Աղբերք ճանապարհի 33,5 երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Նախագահին ներկայացվել է նաեւ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասից մինչեւ Գավառի Նալբանդյան փողոց եւ Նալբանդյան փողոցից մինչեւ Կարմիրգյուղ համայնքի 9,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վիճակը:

Հիմնանորոգված ճանապարհը կապում է Գավառ քաղաքը Նորատուս տանող ճանապարհին եւ Կարմիրգյուղ համայնքներին, ինչպես նաեւ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ