News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, որպեսզի հայ ժողովրդին հնարավորություն տա քվեարկել երկրի զարգացման այլընտրանքային ուղու համար, քվեարկել մի կուսակցության օգտին, որի իշխանության տարիների կյանքը մարդիկ դեռ չեն մոռացել: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, ով Կոմկուսի համամասնական ցուցակի երկրորդ համարն է:

Հարցին, թե ինչ կկորցնի խորհրդարանը, եթե կոմկուսը չանցնի ԱԺ, Սաֆարյանը պատասխանել է. «Եթե Կոմկուսն անցնի խորհրդարան, այնտեղ կծավալվի առողջ գաղափարական երկխոսություն, իսկ հակառակ դեպքում կսկսվի կառավարման լծակների համար մարաթոնյան մրցավազքը»:

Անդրադառնալով Կոմկուսի նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտին, նա նշել է, որ հաշվի են առնվել խորհրդային շրջանի, նաեւ Չինաստանի, Լատինական Ամերիկայի դրական փորձը, որոնք սոցիալիզմի ուղին են բռնել: «Հայաստանը վերջին 20 տարում սպառող երկիր է դարձել, այնինչ խորհրդային 70 տարիներին եղել է արտադրող երկիր եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վերադարձնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական հզորությունը»:

Նրա խոսքով, Հայաստանը տարեկան ներմուծում է 4,1 մլրդ դոլարի ապրանքներ, այն դեպքում, երբ այդ ապրանքներից շատերը հանգիստ կարելի է արտադրել երկրի ներսում: «Հայաստանը ներմուծող երկիր է, քանի որ երկրից արտահանվում է ընդամենը 1,33 մլրդ դոլարի ապրանք»,- ասել է Վ. Սաֆարյանը:

Կոմկուսն, ըստ նրա, իր նախընտրական ծրագրում առաջարկում է բարեփոխումների շարք, այդ թվում ազգայնացնել ռազմավարական ոլորտները, հանքերը, ալկոհոլի, հացի արտադրությունը, որոնք կհանգեցնեն նոր աշխատատեղերի ստեղծման եւ բնակչության ներգաղթին:

«Ազգային ռազմավարական ոլորտները պետք է կենտրոնացնել պետության եւ ժողովրդի ձեռքում, ինչը կնպաստի գործազրկության եւ արտագաղթի վերացմանը»,-ընդգծել է Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ