News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի զրուցակիցը Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի թեկնածու, Ազգային Ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է:

Պարոն Բալասանյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնում:

Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիներն էլ կարող են առաջադրվել ԼՂՀ նախագահի թեկնածու: Կարծում եմ`դրա մեջ սենսացիոն բան չարժե որոնել: Ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ պայքարում է առաջ գնալու համար: Իմ անցած ճանապարհը համապատասխանում է, որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ որպես նախագահի թեկնածու:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն առաջիկա ընտրություններում:

Շատ լավ:

Բավական բարդ մրցակցություն է սպասվում, քանի որ Բակո Սահակյանին աջակցում են Հայաստանի գործող իշխանությունները, նաեւ նա գործող նախագահ է եւ կարող է վարչական ռեսուրս կիրառել: Ինչպե՞ս եք պատկերացնում ընտրապայքարը:

Չեմ կարծում, որ Հայաստանի հանրապետության իշխանությունները պաշտպանում են: ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկացած որոշում` լինելով անվտանգության երաշխավորը: Եւ երկրորդ, գործող նախագահը ժամանակին երդում է տվել եւ պետք է իր երդումին հավատարիմ մնա` ընդհանրապես թույլ չտալով օրենքի խախտում:

Դուք մարտական ուղի եք անցել Ձեր մրցակցի հետ: Ինչպե՞ս կգնահատեք որպես նախագահ նրա գործունեությունը վերջին հինգ տարում:

Նրա գործունեությանը կարող են գնահատական տալ Ազգային ժողովն ու ժողովուրդը, ինձնից դեռ վաղ է այդպիսի գնահատական հարցնելը:

Պարոն Բալասանյան, Ձեր կարծիքով որո՞նք են այն կարեւոր խնդիրները, որոնք այսօր ծառացած են Լեռնային Ղարաբաղի հանրապետության առջեւ:

Ամենակարեւոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացն է, ԼՂՀ բնակչության անվտանգության խնդիրն է, եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Կարծում եմ` ամենագլխավոր խնդիրները սրանք են:

Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում: Ձեր ընտրվելու դեպքում Լեռնային Ղարաբաղը կարո՞ղ է ավելի ակտիվ մասնակցել:

Վստահ եմ եւ հստակ համոզված եմ, որ երբ ես ընտրվեմ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ, ԼՂՀ-ն հանդես կգա որպես բանակցային կողմ, ոչ թե որպես օբյեկտ, այլ` սուբյեկտ:

Վերջին շրջանում սահմանին մի շարք դեպքեր են գրանցվել, Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Ըստ Ձեզ, ի՞նչ պիտի անեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները` դրանց դեմն առնելու համար:

Պետք է ադեկվատ պատասխան տան Ադրբեջանի հանրապետությանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին: Ապրիլի 23-ին իր թեկնածությունն է առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանը, իսկ ապրիլի 28-ին` Արցախի հերոս, Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է:

ԼՂՀ-ի նախագահական նախկին ընտրությունները տեղի են ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ընտրաձայների  85,12 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ