News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունում, ապրիլի 28-ին տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը: Այն վարել է ոստիկապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Անդրադառնալով օպերատիվ շտաբի նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքին` ոստիկապետ Վլադիմիր Գասպարյանը նիստի մասնակիցներին կրկին հիշեցրել է օպերատիվ շտաբի եւ, ընդհանրապես, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքները` աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել նույնիսկ ապատեղեկատվությունն ու սադրանքը, ընտրացուցակների հետ կապված խնդիրները ճշտել կոնկրետ տարածքներում եւ կոնկրետ քաղաքացիների հետ: Կոնկրետությունը հատկապես կարեւոր է, քանի որ որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ ընտրությունների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ հայտարարություններ անելուց հետո ոչ միայն հրաժարվում են օգնել ոստիկանությանը դրանք բացահայտելու գործում, այլեւ պարզվում է, որ հայտարարությունները անհիմն, անհասցե ու ստահոդ են եղել:

Եվ ամենակարեւորը, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը, լրատվամիջոցների հետ սերտ համագործակցությամբ այս ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով պետք է հասցնել հասարակությանը` թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով:

Անդրադառնալով բուն ընտրությունների օրը ոստիկանության գործողություններին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ արդեն քննարկվել է համալիր միջոցառումների ծրագիրը, պատրաստ են համապատախան ուղեցույցները, իջեցվել են հստակ հրահանգներ, պարզապես պետք է մշտական հսկողության տակ պահել գործընթացը: Ոստիկանության պետը հրահանգեց հստակ եւ օրենքի շրջանակներում աշխատել դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում ամենախիստ կերպով պետք է արձագանքի իրավախախտումներին:

Քննարկման ընթացքում ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ Հունան Պողոսյանը ներկայացրել է մինչ օրս արձանագրված իրավախախտման դեպքերը, դրանց քննության ընթացքն ու արդյունքները, անդրադարձավ քարոզարշավի ընթացքում ոստիկանության ձեռնարկած միջոցներին եւ ընտրարշավի մասնակիցների հետ համագործակցությանը:

Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն անդրադարձել է պատգամավորության թեկնածուների նախընտրական շտաբների եւ դիտորդական առաքելությունների հետ համագործակցությանը, իսկ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրել է ընտրացուցակների ճշտման ուղղությամբ տարվող աշխատանքը: Մասնավորապես նշվել է, որ ԱՎՎ-ում գործող «թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 134 ահազանգ` ընտրացուցակներում տեղ գտած 196 անճշտության վերաբերյալ: Բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները` շտկվել, հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կրկին դիտարկել ընտրացուցակները, պատրաստել ամփոփ ու մանրամասն տեղեկանքներ եւ ամենօրյա տեղեկատվություն տրամադրել լրատվության միջոցներին, ինչպես եւ ուղարկել նախընտրական շտաբներ:

Ամփոփելով օպերատիվ շտաբի նիստը` Վլադիմիր Գասպարյանը շեշտել է, որ ոստիկանությունը վճռական է լիարժեք ու մինչեւ վերջ կատարել արդար, թափանցիկ, օրինակելի ընտրություններ ապահովելու իր պարտքն ու հանձնառությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ