News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մայրաքաղաքի «Կասկադ»  համալիրին հարող հրապարակում ապրիլի 30-ին, ժամը 20:00-ին սկսվել է ջազ- համերգ` նվիրված Ջազի միջազգային օրվան:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը համերգի վայրից, հանդիսատեսը ջերմությամբ է ընդունում կատարողներին` ողջունելով նրանց բուռն ծափահարություններով: Անգամ երեկոյան փոքր-ինչ սառը եղանակը չի խանգարում, որ հանդիսատեսն աստիճանաբար ավելանա: Երեւանը հերթական անգամ հաստատեց ջազային մայրաքաղաքի կարգավիճակը. քաղաք, որտեղ այս ոճը հատուկ հարգանք է վայելում:

Համերգին մասնակցում են հայկական ջազի ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդ կատարողները:  Համերգը բացեց էստրադային –սիմֆոնիկ նավագախումբը` կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:  Նվագախմբի կատարմամբ հնչեցին այնպիսի ջազային գործեր, ինչպիսիք են Արտուրո Սանդովալի «Երեկոն Հավանայում», Ջակո Պաստորիուսի «Ծննդյան օրը» եւ այլն:  Հայկական ջազի վարպետներ Լեւոն Մալխասյանի եւ Վահան Հայրապետյանի հետ միաժամանակ հանդես եկան նաեւ երիտասարդ կատարողներ, մասնավորապես, Imagine խումբը:

Համերգին ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաեւ ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյան:

Համերգը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ջազի միջազգային օրվան ընդառաջ`  քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 28 –ին քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ  ջազմեններին:  «Անչափ կարեւոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական  այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը»,- հայտարարել էր Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ