News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը Աբովյանում, այսօր` մայիսի 2-ին, ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ներկաներին մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով քվեարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգտին:

«Բոլորիդ խորհուրդ եմ տալիս թշնամանքը չավելացնել: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը, այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել եւ ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան»,-ասել է նա:

«Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաեւ քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկերությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաեւ կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին: Մենք բավականաչափ փորձ ենք ձեռք բերել եւ վստահ ենք, որ այդ փորձը մեզ հնարավորություն է տալու գալիք հինգ տարիներին ավելի լավ աշխատելու:

Երբ ես ասում եմ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ես, բնականաբար, նկատի ունեմ ոչ միայն համամասնական ցուցակը, ես նկատի ունեմ նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին: Դուք գիտեք, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն առաջադրել է եւ պաշտպանում է պարոն Համլետ Հայրապետյանին, ով ձեր դիմաց կանգնած է եւ ով կարող է արժանապատվորեն ներկայացնել Կոտայքի տարածաշրջանը Հայաստանի Ազգային Ժողովում: Նա սկզբունքային մարդ է, ունի քաղաքական փորձ եւ այդ փորձը ծառայեցնելու է հենց իր ընտրողների շահերին:

Եվ մի բան էլ պետք է ասեմ. մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին: Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին»,-ընդգծել է ՀՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ թիվ 28 ընտրատարածքում առաջադրված է միայն մեկ թեկնածու` Գագիկ Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ