News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի մայիսի 5-ին Վիեննայում կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012»-ի կիսաեզրափակչին: Հայաստանը մրցույթում կներկայացնի 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը, ում թեկնածությունն առաջարկել է Մշակույթի նախարարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ` մայիսի 6-ին եւս կկայանա կիսափեզրափակիչ փուլ եւ երկու կիսաեզրափակիչներից հետո եզրափակիչ պետք է անցնեն եւ մայիսի 11-ին մրցեն ընդամենը 7 կատարողներ:

Նարեկ Կազազյանը  կիսաեզրափակչում կներկայացնի Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտը», Նիկոլո Պագանինիի  «Վենետիկյան պարահանդեսը» եւ Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժումը», իսկ եզրափակչում կնվագի Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը:  Գոհար Գասպարյանի խոսքով` Նարեկը շատ դրական եւ մարտական է տրամադրված, մի քանի ուժեղ մասնակիցներ կան, բայց մենք եւս ուժեղ ենք: «Ես ներքին վստահություն ունեմ, պայմանավորված, որ թե նրանով, որ քանոնը միակ գործիքն է, որը ներկայացված է լինելու, թե նրանով, որ Հայաստանն առաջին անգամ  է մասնակցում եւ ուշադրության կենտրոնում է լինելու, եւ նաեւ նրանով, որ Նարեկը շատ լավ տիրապետում է այդ գործիքին եւ ունի կատարողական շնորհք: Այդ ամենի շնորհիվ, կարծում եմ, որ ինքը կանցնի եզրափակիչ: Ինձ համար մեծ ձեռքբերում եւ հաղթանակ կլինի եզրափակիչում 7 մասնակիցների շարքում Նարեկի լինելը»,- նշեց Գոհար Գասպարյանը:

Ի դեպ, հայկական պատվիրակությունը  այսօր` մայիսի 3-ին, կմեկնի Վիեննա` մասնակցելու կիսաեզրափակչին: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գոհար Գասպարյանը, Նարեկ Կազազյանը, նրա ուսուցիչ, քանոնի մասնագետ Անահիտ Հովսեփյանը, դաշնակահար, նվագակցող Անահիտ Դիլբարյանը:

Նշենք, որ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»  մրցույթը համեմատաբար երիտասարդ է, այն  անցկացվում է երկու տարին մեկ: Մրցույթին կարող են մասնակցել 15-ից 19-ը տարեկան պատանի երաժիշտներ, որոնք պետք է ներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կատարվող ստեղծագործություններ, երաժշտական գործիքի սահմանափակում չկա: Ի տարբերություն մյուս  «Եվրատեսիլների»` այստեղ լսարանի քվեարկություն չկա, հաղթողին որոշելու է 5 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին: Մրցույթը Հայաստանում որեւէ հեռուստաընկերությամբ չի ցուցադրվելու, դրան կարող ենք հետեւել մրցույթի պաշտոնական կայքի միջոցով:

Նշենք, որ  վանաձորցի Նարեկ Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի կողմից:  2010թ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նա  արժանացել է «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ