News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է մի խումբ թուրք լրագրողների:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գալուստ Սահակյանը կարեւորել է ճանաչողական նշանակություն ունեցող նման հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնել պատասխանելու նրանց հարցերին:

Թուրք լրագրողները տեղեկացրին, որ հաճելիորեն զարմացած են Երեւանի գեղեցկությամբ ու Հայաստանի զարգացման մակարդակով, եւ արդեն համոզվել են, որ Հայաստանի մասին նախկինում իրենց ունեցած տեղեկությունները ճշմարտությանը չեն համապատասխանում:

Լրագրողների այն հարցին, թե Հայաստանի համար առաջնայինը տնտեսական զարգացումն է արդյոք, եւ  ինչպես է պետությունը դիմակայում տնտեսական ճգնաժամին, պարոն Սահակյանն ասաց, որ թեեւ Հայաստանն էլ աշխարհի մյուս երկրների նման չի կարողացել խուսափել տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, բայց  երկրում իրականացված տնտեսական քաղաքականության շնորհիվ ճգնաժամը հաղթահարվել է, եւ Հայաստանն այսօր ունի 4,6 տոկոս տնտեսական աճ: Նրա գնահատմամբ` տնտեսության զարգացումը երկրի համար շատ կենսական ու կարեւոր նշանակություն ունի, քանի որ ժողովրդի բարեկեցությունը հիմնականում դրանով է պայմանավորված, բայց Հայաստանն ունի նաեւ ոչ պակաս կարեւոր երկու խնդիր. մեկը  աշխարհի եւ առաջին հերթին Թուրքիայի կողմից իր իսկ իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, մյուսը`  Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը: Ըստ նրա` երկուսն էլ ինքնանպատակ չեն, եւ երկրի ամրապնդման առումով շատ կարեւոր են. ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու դեպքում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում կկանխվեն հակամարդկային նման երեւույթները, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը նրա ժողովրդի անվտանգության ու ազատ ապրելու երաշխիքն է: «Այսպիսով` Հայաստանի քաղաքական օրակարգում երկու կարեւոր խնդիր կա` երկրի ամրապնդումն ու նրա տնտեսական զարգացումը»,-նշեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ դրա հետ կապված արձանագրությունների ճակատագրին` պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու խնդիրը այսօր էլ կա քաղաքական օրակարգում, բայց դա չի նշանակում` Հայաստանը հանուն այդ խնդրի լուծման կարող է զիջումների գնալ իր համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում: Ստորագրված արձանագրությունները ոչ մի նախապայման չէին պարունակում երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու առումով, այնինչ Թուրքիան սկսեց շահարկել ղարաբաղյան հարցը` փորձելով առուվաճառքի տրամաբանությամբ առաջնորդվել, ինչը անընդունելի է Հայաստանի համար:

Անդրադառնալով ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկի մերժմանը` Գալուստ Սահակյանն ասել է. «Ի՞նչ է նշանակում քննել մի բան, որն ակնհայտ է.  քաղաքական շահարկումներն այս հարցում  անընդունելի են: Մենք կենդանի պատմություն ենք», - ասել է պարոն Սահակյանը` տեղեկացնելով, որ ցեղասպանության պատճառով իրենց մեծ գերդաստանից միայն հայրն է փրկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ