News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը քվեարկության ավարտից հետո կամփոփի բոլոր տվյալները եւ որոշում կկայացնի: Այդ մասին Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նախ անդրադարձել է հայտարարություններին թե միասնական շտաբի կազմավորման փաստաթղթի տակ պետք է դրվեր քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրությունը: Նշենք, որ մասնավորապես այդ հիմքով Միասնական շտաբի աշխատանքներից մասնակցելուց հրաժարվեց «Ժառանգություն» կուսակցությունը:

«Եթե մեկն ասում է, որ պետք է կուսակցությունների ղեկավարները ստորագրեն, այդ առաջարկն անհիմն է: Տարբերություն չկա, թե ով կստորագրի, կուսակցության նախագահը, թե` ներկայացուցիչը»,- նշել է Ծառուկյանը:

Նա ասել է, որ քվեարկության ավարտից հետո կամփոփի բոլոր տվյալները եւ որոշում կկայացնի:

«Մենք ուզում ենք, որ ազատ, արդար ընտրություն լինի, որ բոլորը տեսնեն, թե ում ինչքան է տվել ժողովուրդը»,- նշել է Ծառուկյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր հերթին նշել է, թե իրենք ամբողջ օրն աշխատել են, իրենց ներկայացուցիչները արձանագրել են բոլոր հնարավոր կեղծարարությունները: «Ամփոփիչ հայտարարություն կանենք, երբ ընտրությունները կավարտվեն, երբ լիարժեք կարող ենք ասել, թե ինչն ինչոց է»,- նշել է Ռուստամյանը:

Վերջինս մտահոգիչ է համարել ԿԸՀ-ի հրապարակած թիվը, թե ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել 1,3 մլն մարդ: «Սա մեզ մի քիչ մտահոգում է, որովհետեւ նույն թիվն է` ինչ 2007թ. խորհրդարանականին: Մենք պետք է կարողանանք փաստել, թե ինչով է պայմանավորված այդ «ակտիվությունը»,- ասաց Ռուստամյանը:

ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ տարօրինակ է համարել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումը, թե 8:30-ից հետո անձնագրերում դրոշմակնիքների հետ կապված խնդիրը կարգավորվել է: Ըստ Ռուստամյանի, դրանից հետո էլ նման դեպքեր արձանագրվել են:

«Մեր ռեսուրսն այն չէ, ինչ ունի պետությունը: Այն, ինչ մենք ենք անում, պետք է աներ պետությունը: Միասնական շտաբը կարեւոր խնդիրը կատարեց»,- նշել է Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ