Հայ ռազմական փորձագետները շատ բարձր են գնահատում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված զորահանդեսը (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, շքերթում ներկայացվել է ռազմական նոր տեխնիկա: Խոսքը միանգամայն նոր որակի մասին է` հաշվի առնելով, որ նոր սպառազինությունն ունի ոչ միայն պաշտպանողական եւ հակահարձակման բնույթ, այլեւ կարող է օգտագործվել նախազգուշական նպատակներով: Ռազմական փորձագետը նշել է Պաշտպանության բանակի կատարելագործման կարեւորությունը: Խոսելով զորահանդեսում ցուցադրված անօդաչու թռչող սարքերի մասին` Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ դրանք նախորդ տարվա աշնանը Երեւանում ցուցադրված սարքերը չէին: «Դա վկայում է հայ ռազմարդյունաբերական համալիրի ակտիվ աշխատանքի մասին», - ընդգծել է նա:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանի խոսքով` Ստեփանակերտի զորահանդեսն արժանի է ամենաբարձր գնահատականի, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը փոքր հանրապետություն է:
«Իհարկե, չի կարելի Լեռնային Ղարաբաղի զորահանդեսը համեմատել, օրինակ Ռուսաստանի նման երկրի հզորության հետ, բայց, հաշվի առնելով նրա չափերը, շքերթի որակն ու ծավալը տպավորիչ են», - նշել է Հրաչյա Պետրոսյանը: Նա հատուկ ընդգծել է ղարաբաղյան մարտիկների դեմքի արտահայտությունը: Ռազմական փորձագետը նաեւ ուշադրություն է դարձրել հայկական անօդաչու թռչող սարքերին`նշելով, որ դրանք տարբերվել են Երեւանում ցուցադրվածներից:
«Դա, ինչպես նաեւ ժամանակակից հրթիռային սպառազինության ցուցադրումը շատ բանի մասին է վկայում», - նշել է Հրաչյա Պետրոսյանը` հավելելով, որ 21-րդ դարի պատերազմները հրթիռային եւ հրետանային պատերազմներ են, եւ Պաշտպանության բանակը ցույց տվեց, որ իրավիճակի է խոցել թշնամական ցանկացած թիրախ:
Հիշեցնենք, մայիսի 9-ին Ստեփանակերտում անցկացվել է ռազմական շքերթ` նվիրված Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձին: