News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական բոլոր կշիռ ունեցող ուժերը փաստացի ընդունել են խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված խաղի կանոնները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն՝ ընդգծելով, որ այս առումով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը աննախադեպ է Հայաստանի 20-ամյա պատմության մեջ։

«Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծվել է իրավիճակ, որում բոլոր կշիռ ունեցող քաղաքական ուժերը համաձայնել են խաղալ նույն կանոններով»,-ասաց նա։

Անդրադառնալով այն փաստին, որ ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, Մինասյանը նշեց, որ այդ քայլը հասկանալի եւ կանխատեսելի էր։ «Դա անհրաժեշտ պայման է, որպեսզի ընդդիմությունն արդարացնի իրեն ընտրողների շրջանում։ Չէ որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծանր, ժողովրդականություն չվայելող որոշում ընդունեց՝ համաձայնելով ՀԱԿ-ի խորհրդարան անցնելու հետ»,- նշեց փորձագետը։

«6 քաղաքական ուժեր անցան խորհրդարան, ու թեեւ պատգամավորական մանդատների հիմնական մասը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, բայց այնուամենայնիվ նույն ՀԱԿ-ը հնարավորություն ունի խմբակցություն կազմել, եւ խորհրդարան ուղարկել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով արդեն խորհրդարանում կարող է սուր հարցադրումներ կատարել կառավարության գործող ղեկավարին, եւ արդեն այս դեպքում դրանք անպատասխան չեն մնա»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ ստեղծված քաղաքական իրավիճակն ավելի է հեշտացրել գործադիրին վերահսկելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ