News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, երկու տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական կլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին:

44-ամյա անոթաբանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափի հափշտակություններ կատարելու, կողմնակի հաստիքներ պահելու,  պետական հարկերից ու պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու ու  խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Բժշկուհին կալանքը կրելու է «Աբովյան» ՔԿՀ-ում:

«Առավոտի» փոխանցմամբ, գործով 77 տուժած էր անցնում, որոնք դատարանում նշել են, թե տնօրենը 2008թ. ապրիլից մինչեւ  2010թ. սեպտեմբեր իրենց աշխատավարձից զգալի գումարներ է  պահել պոլիկլինիկայի ջեռուցման ու պահպանման ծախսերը հոգալու պատճառաբանությամբ: Բժիշկներից մասնավորապես ամեն ամիս պահել է 5 հազարական դրամ, իսկ բուժքույրերից` 2 հազարական դրամ: Տաթեւիկ Փանոսյանը, ըստ քրեական գործի, այս նպատակի համար հավաքագրած 1 մլն 257 հազար դրամից միայն 604 650 դրամն է  ծախսել պոլիկլինիկայի վրա, մնացածը գրպանել է: Բացի այդ, իր նախկին ամուսնուն` Արթուր Հարությունյանին, ով մասնագիտությամբ անոթաբան է, ձեւակերպել է որպես աշխատող, ու նրա աշխատավարձը եւս գրպանել է: Նմանապես որպես պահակ է ձեւակերպել է Կարապետ Բադալյանին ու յուրացրել նրա աշխատավարձը: Նա ամեն ամիս անաշխատունակության կեղծ «բյուլետեններ» էր ձեւակերպել իր աշխատակիցներին, նրանց հիվանդ է ձեւացրել` այսպիսով խուսափելով պետությանը 5 մլն 129 հազար 289 դրամի սոցիալական ապահովագրական վճար մուծելուց: Նա  նաեւ իր կաբինետում խոշոր չափի կաշառք էր վերցրել բուժքույրերից մեկից` Զեմֆիրա Վարդանյանից` նրան աշխատանքից չազատելու ու հետագայում աշխատավարձը բարձրացնելու խոստումով, սակայն հետագայում նրան հրամանագրել է քույր վիճակագրի հաստիքով` 50 տոկոս վարձատրությամբ:

Դատարանը հաշվի է առել, որ նա կամովին վերականգնել է պետությանը պատճառած 10 մլն 498 հազար182 դրամի վնասն ամբողջությամբ, եւ վերջնական պատիժ է սահմանել երկու տարի ազատազրկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ