News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արբանյակային «ATV – international» հեռուստաալիքի եթերում ցուցադրված` Իրանում էթնիկ ադրբեջանցիների մասնակցությամբ հուզումների մասին տեսանյութերը քարոզչության մի մասն են, որը վերջին շրջանում իրականացվում է  Թեհրանի շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հայտնի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը: Նրա խոսքով, թեեւ տեսականորեն  նման հուզումներ Իրանում հնարավոր են, սակայն տվյալ պահին, սա ավելի շուտ ապատեղեկատվություն է:

«Իրանում քաղաքական կյանքն ակտիվ է, այն Սաուդյան Արաբիա կամ Հյուսիսային Կորեա չէ: Հատկապես ընտրությունների համապատկերում լարվածության աճ հնարավոր է, քանի որ գոյություն ունեն հակամարտող ուժեր: Միաժամանակ հեռուստաալիքը, որը հաղորդում է «իրադարձությունների» մասին, ոչ մի հղում չի կատարում: Եթերում ցուցադրված կադրերը կասկածելի են, դրանք հեշտությամբ կորող են մոնտաժված լինել»,-նկատեց Գեւորգյանը:

Փորձագետի կարծիքով, իրանական կողմից հարկ է արագ արձագանքի սպասել: «Թեհրանի քաղաքական էլիտան միշտ բավականին արագ եւ կոշտ է արձագանքել իր հասցեին նման հարձակումներին: Ենթադրում եմ, շուտով կհաջորդի Իրանի համարժեք պատասխանը»,-նկատեց իրանագետը` չհստակեցնելով, թե ինչպես այն կարտահայտվի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Միջազգային արբանյակային ադրբեջանական «ATV – international» հեռուստաալիքը տեղեկատվություն է տարածել զանգվածային բողոքի ակցիաների մասին, որոնք, իբր, տեղի են ունենում Իրանում ադրբեջանցիների կողմից:

Ըստ այդմ, Թավրիզում եւ Իրանի մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներին, իբր, մասնակցել են հազարավոր ցուցարարներ, ովքեր պահանջում են պաշտպանել ադրբեջանցի ազգային փոքրամասնության իրավունքները: «ATV – international»-ն իր ռեպորտաժում ներառել է կասկածելի ծագման կադրեր, որտեղ երեւում են ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց ագրեսիվ գործողությունները: Ադրբեջանական հեռուստաալիքը հայտնել է բողոքի ակցիայի ավելի քան հարյուր կալանավորված մասնակցի մասին, առանց վկայակոչելու որեւէ աղբյուր:

Նշենք, որ «ATV – international» հեռուստաալիքը ուղղակի ղեկավարվում է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ