News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում, մայիսի 22-ին, մասնակցել են քաղաքի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը, որին մասնակցում էին հազարավոր բոստոնցիներ, Ցեղասպանության հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ  Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյամը, ԱՄՆ արեւելյան ափի հոգեւոր առաջնորդները:

Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն իրենց ելույթներում կարեւորել են նահանգի հայության ներդրումը Բոստոնի, Մասաչուսեթսի եւ Միացյալ Նահանգների զարգացման եւ բարգավաճման գործում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձան Հայոց ցեղասպանության ոգեկոչման, ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը՝ այդ առումով ողջունելով Ցեղասպանության հուշարձանի բացումը Բոստոնի կենտրոնում:

Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մասաչուսեթսի նահանգային եւ Բոստոնի քաղաքային իշխանություններին հայկական համայնքի նախաձեռնությանը սատարելու եւ իրականացմանն օժանդակելու համար, Մասաչուսեթսի հայ համայնքային կառույցներին՝ Հայկական ժառանգության այգու եւ Ցեղասպանության հուշարձանի գաղափարն առաջ քաշելու եւ միահամուռ ջանքերով այն կենսագործելու համար:

«Հայկական ժառանգության այգին Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաեւ խորհրդանշում է հայ համայնքի ներդրումը ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ։

Այս այգին նաեւ հայկական համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկյան ժողովրդին, Մասաչուսեթս նահանգին եւ այս քաղաքին, որն ընդունել է Հայոց Ցեղասպանության հետեւանքով հայրենազրկված հազարավոր հայերի։

Ես հիշում եմ իմ այցելությունը Բոստոն 2010թ. սեպտեմբերին, երբ առաջին անգամ ծանոթացա Հայկական   ժառանգության այգու եւ հուշարձանի մտահղացմանը եւ ես ուրախ եմ, որ այս վեհ նախաձեռնությունն այս ժամանակահատվածում իրականություն դարձավ»,- ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է. «Մեր միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ։ Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է: Այդ առումով թուրք հայտնի գործարար Իցհակ Ալատոնի կոչը խորհրդանշական է. նա ասում է. «Եկեք բարձրացնենք մեր ձայնը Անկարայի խորհրդարանում, եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը եւ առճակատվենք մեր անցյալի հետ»։

Ավելի ու ավելի շատ մարդիկ են Թուրքիայում սկսում մտածել Ալատոնի պես։ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում եւ այլ թուրքական քաղաքներում դրա վկայությունն են։

Կցանկանայի հույս հայտնել, որ այս այգին կդառնա մի վայր, մի ուխտատեղի, որտեղ կգան ոչ միայն ցեղասպանության զոհերի ժառանգները, այլ նաեւ այդ հանցագործությունն իրագործողների ժառանգները եւ միասին ծաղիկներ կդնեն անմեղ զոհերի հիշատակին»։

Այգու բացման արարողությունից առաջ  Էդվարդ Նալբանդյանն ու Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկում է տեղի ունեցել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանն առնչվող հարցերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Բոստոնում Հայաստանի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարները այցելել են նաեւ Սուրբ Երրորդության եկեղեցի, Հայկական մշակութային եւ կրթական կենտրոն եւ Հայկական թանգարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ