Ապագա կառավարող կոալիցիան բաղկացած կլինի առնվազն Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցություններից: Այդ մասին մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, կոալիցիան կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ: «Հնարավոր է դա լիարժեք կոալիցիա լինի կամ համագործակցության այլ ձեւաչափ»,- ասել է քաղաքագետը` համոզմունք հայտնելով, որ նոր խորհրդարանում կոալիցիա անպայման կձեւավորվի, չնայած որ ՀՀԿ-ն հավաքել է 50%+1 ձայն:
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ այս պահի դրությամբ կոշտ բանակցություններ են ընթանում: Նրա խոսքով, «Բարգավաճ Հայաստանի» անդամակցությունը կախված է նրանից, թե ինչ կառաջարկեն:
Քաղաքագետը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստանի» համար բարդ կլինի առաջիկա հինգ տարիների ընթացքում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, քանի որ դրա համար գաղափարախոսական որոշակի հենք է հարկավոր: Այդ դերի համար կուսակցությունը չունի մարդիկ, կառույցներ, իշխանությունից նման չափով տարանջատման ռեսուրս: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ն չի կարող գործել ՀՀԿ-ի հրահանգներով, քանի որ ընտրողները ձայն են տվել որպես այլընտրանքի:
Քաղաքագետը միաժամանակ հավանական է համարում ԲՀԿ-ի անդամակցությունը կոալիցիային: