News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

  Քույրեր, եղբայրներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ եւ իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:

Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես  իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն:  Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:

Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն:  Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ