News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն, այսօր` մայիսի 25-ին, ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղ նրանց կատարած այցելությունը, նշելով, որ  Արցախն ու նրա ժողովուրդը նվաճել են ազատ ապրելու իրենց  իրավունքը եւ չպետք է անտեսված լինեն միջազգային հանրության կողմից:  Նա վստահություն է հայտնել, որ սենատորները հնարավորություն են ունեցել համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական, կայացած պետություն է: Խորհրդարանի նախագահը կարեւորել է միջազգային հանրության կողմից այս իրողության ճանաչումը:

«Ղարաբաղի  մրցակցային առավելությունը ժողովրդավարությունն է»,-նշել է Նիկոյանը: Նա համոզմունք է հայտնել, որ սենատորները կշարունակեն հայանպաստ գործունեությունը,  իրենց ներդրումը կունենան ինչպես Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Նշվեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կայուն զարգացող փոխհարաբերությունների համար նշանակալի գործոն են եղել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ ֆրանսահայ մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բոլոր այն խորհրդարանականներին, որոնք կողմ էին քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Նրա խոսքով, համամարդկային արժեքներին հետամուտ Ֆրանսիայի այդ քայլը կարեւորվում  է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման գործընթացի առումով, այլեւ դրանով կամրապնդվեն առհասարակ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կանխման  մեխանիզմները: Խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիան այս հարցում հետեւողական կլինի:

Սենատոր Ֆիլիպ Մարինիին նշել է, որ տպավորված են Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցելություններից: «Ղարաբաղում մենք տեսանք ժողովրդավարական արժեքների համար պայքարող մի ժողովուրդ, որը հաստատակամ է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու հարցում, ինչը նրանց հաջողվում է: Այստեղ մենք տեսանք ուժեղ երիտասարդություն, որը տեր է իր պատմությանն ու մշակույթին, համամարդկային արժեքներին, թեեւ դրանց պաշտպանությունը նրան հեշտ չի տրվում»,-ասել է Սոֆի Ժուասենը:

Տիկին  Ժուասենը նշել է, որ ձեռնունայն չէր եկել Ղարաբաղ. այժմ աշխատանքներ է տանում Ստեփանակերտը եւ Էքս ան Պրովանսը քույր քաղաքներ հռչակելու համար:

Կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերին, այլ ոլորտներին առնչվող հարցերի եւս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ