News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը շահագրգռված են, որպեսզի Ղարաբաղի խնդիրը չլուծվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալա-Պովոլժիեի կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով, եթե բոլոր այդ միջնորդները, որոնք յուրատեսակ համաշխարհային տերություններ են, իսկապես ցանկանային ինչ-որ բան անել, վաղուց արած կլինեին:

«Նրանցից յուրաքանչյուրը Հարավային Կովկասի եւ մասնավորապես ԼՂ խնդրի կարգավորման վրա ազդեցության մեծ պոտենցիալ ունի: Այդ պոտենցիալն էլ ավելի մեծ կլիներ, եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը ընդհանուր հայտարարի գային` կապված նրա հետ, թե ինչ ասել ԼՂ հակամարտության կողմերին եւ ինչ դիրքորոշում որդեգրեն այդ հարցում: Օրինակ, նրանք անընդհատ ասում են, որ խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, այդ մասին նշվում է բոլոր հայտարարությունների մեջ, սակայն լարվածությունը շփման գծում աճում է, հնչում են սպառնալիքներ:

Միջնորդները կարող են մեկ ժամում լուծել այդ խնդիրը, սպառնալով, օրինակ, Ադրբեջանին, որ իր կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում, Ղարաբաղն անմիջապես կճանաչվի: Դա կլուծեր բոլոր հարցերը»,-նշել է նա:

Փորձագետի գնահատմամբ, միջնորդների կողմից նման իրական քայլերի բացակայությունը թույլ է տալիս պնդել, որ նրանց բոլոր հայտարարությունները սին են:

«Պետք է հասկանալ, որ ե’ւ Ռուսաստանը, ե’ւ Եվրամիությունը, ե’ւ ԱՄՆ-ը եւ մյուս բոլորը խորապես անտարբեր են, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղում: Այս հակամարտությունը նրանց պետք է, որպեսզի ազդեցության լծակներ ունենան հակամարտող կողմերի վրա: Չկա հակամարտություն` չկան լծակներ, իսկ դա նրանց ձեռնտու չէ»,-ընդգծել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ