Ամերիկայի հայկական խորհրդին տված հարցազրույցում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է 2013թ. պետական օժանդակության նախագծին եւ դրա ազդեցությանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտաքին օգնության վրա: NEWS.am-ը հատված է ներկայացնում հարցազրույցից.
Պետական եւ արտասահմանյան օպերացիաների համար հատկացումների մասին նախագիծը ինչպիսի՞ ֆինանսական օգնություն կարող է երաշխավորել Հայաստանի համար: Այն ներառելո՞ւ է նաեւ Լեռնային Ղարաբաղը:
Իհարկե, այո: Մենք հաջողության հասանք Հայաստանի համար օգնության բարձր մակարդակը պահպանելու առումով: Այս տարի արտասահմանյան օգնության մեծ մասը կրճատվում է` բյուջետային ռեսուրսների սահմանափակություն պատճառով, եւ արտաքին օգնության համար հատկացվող գումարներն ավելի շատ են նվազել: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պահպանել Հայաստանի համար ֆինանսական օգնության նույն գումարը` մոտ 40 մլն դոլար: Դա լավ հաղթանակ էր:
Լեռնային Ղարաբաղի հարցում մենք ավելի հաջողակ եղանք: Նախկինում մենք ֆինանսավորում էինք նախատեսում, բայց հետո տեսնում էինք, որ Պետքարտուղարությունը միջոցների մեծ մասը չի օգտագործում, որը մենք ներկայացնում ենք: Այս տարի մենք ձեւակերպումներ գտանք, որով Պետքարտուղարությունից պահանջվում է առնվազն 5 մլն դոլար հատկացնել` Լեռնային Ղարաբաղում որոշ մարդասիրական խնդիրների լուծման համար, եւ դա ներառվել է նախագծում, որտեղ ավելի քան երկու անգամ ավելացել է Լեռնային Ղարաբաղի օգնության ծավալը:
Դուք հիշատակեցիք, որ արտասահմանյան օգնության առումով որոշ կրճատումներ են եղել տնտեսության պատճառով: Դա որեւէ կերպ անդրադարձե՞լ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա:
Բարեբախտաբար, դեռ ոչ: Մենք անցնում ենք միայն այս գործընթացի կեսը: Դա այն է, ինչ ներառված է տվյալ նախագծի Ներկյացուցիչների պալատի տարբերակում: Այդ կետերից որոշները չեն ներառվել նախագծի Սենատի տարբերակում, եւ եթե այդ երկուսն էլ անցնեն, դրանք կհանձնվեն Համաձայնեցման կոմիտեին, եւ մենք պատրաստ ենք պայքարելու Ներկայացուցիչների պալատի օրինագծի ձեւակերպումների պահպանման համար:
Այնպես որ, մենք դեռեւս դարպասների մոտ չենք, բայց Ներկայացուցիչների պալատի նախագծում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրավիճակը շատ ավելի լավ է, քան ցանկացած այլ տարածաշրջանի դեպքում` այն առումով, որ Հայաստանի ֆինանսավորման չափը պահպանվել է, իսկ Ղարաբաղինը` ավելացել:
Դա բացառիկ երեւույթ է եւ հակասում է նրան, ինչի հետ բախվել են մի շարք երկրներ, որոնք հատկացումներ չեն ստացել կամ ստացել են զգալի կրճատված: