News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ի գիշերը դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողներից երկուսը պետք է զորացրվեին մինչեւ հունիսի վերջ, իսկ երրորդը` աշնանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով, Զոհրաբ Բալաբեկյանը զորակոչվել էր Գավառից 2010թ առաջին զորակոչին եւ շուտով  պետք է զորացրվեր, իսկ Կարեն Դավթյանը զորակոչվել էր Նաիրիից եւ նա եւս պետք է զորացրվեր մինչեւ հունիսի վերջ, իսկ Հրաչ  Սարգսյանը զորակոչվել էր  Գյումրիից եւ պետք է զորացրվեր աշնանը:

Գավառի զինկոմիսարիատից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ 20-ամյա Զոհրաբ Բալաբեկյանը ապրում էր հենց Գավառում, սովորում էր Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Ընտանիքում միակ  արու զավակն էր,  ուներ երկու քույր, որոնք ամուսնացած են: Երիտասարդն ապրում էր հոր, մոր, տատիկի եւ պապիկի հետ, ընտանիքը գտնվում էր վատ սոցիալական վիճակում: Հայրը մեկնել էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի եւ Հայաստան է եկել դեպքի մասին տեղեկանալով: Զինվորի հուղարկավորությունը կկայանա այսօր:

Մահացած մյուս զինծառայողների հետ կապված առայժմ որեւէ բան ճշտել չհաջողվեց:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ