Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հրավերով Հայաստանում է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի գլխավորած պատվիրակությունը:
ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր` հունիսի 8-ին, տեղի է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումը Մարեկ Բելկայի գլխավորած պատվիրակության հետ, որին ներկա էին ՀՀ առեւտրային բանկերի ղեկավարները:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի կենտրոնական բանկի ու Լեհաստանի ազգային բանկի միջեւ: Նա հյուրերին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի առանձնահատկությունները, գների եւ ֆինանսական կայունությանն ուղղված գլխավոր դրամատան կողմից վարվող քաղաքականությունը:
Մարեկ Բելկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ բարձր գնահատել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի հետ իր պարբերական շփումները, երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը: Այնուհետեւ նա հանդես է եկել «Լեհաստանը եւ «ԵՎՐՈ»-ն» զեկույցով՝ անդրադառնալով Լեհաստանի ազգային բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությանը, լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացմանը: Լեհաստանի ազգային բանկի նախագահը խոսել է Եվրոգոտում տիրող պարտքային ճգնաժամի, եվրոպական կենտրոնական բանկի քայլերի, եվրոգոտու ընդլայնման հեռանկարների մասին: Նա նշել է, որ Լեհաստանի Ազգային բանկը Եվրոհամակարգի մաս է կազմում եւ անցումը ԵՎՐՈ-ին իր երկրի ընթացիկ ռազմավարական նպատակներից մեկն է:
Լեհաստանի ազգային բանկի պատվիրակությունը շրջայց է կատարել Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում, որտեղ հյուրերին հակիրճ ներկայացվել է Հայաստանի դրամաշրջանառության եւ բանկային համակարգի պատմությունը: